21/05/2026

EU – Armenia

Հայաստանում ընտրություններից առաջ Կրեմլի օգտին աշխատող ապատեղեկատվական արշավը մեծ ծավալ է ստացել

Հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի դեմ սկսվել է ռուսական լայնածավալ ապատեղեկատվական արշավ։ Հետազոտողները այն անվանում են վերջին տարիների ամենամեծ նմանատիպ գործողություններից մեկը։

«Կուբը» հետաքննել է դրա նպատակներն ու մեթոդները, գրում է Euronews-ը՝ հավելելով, որ հետազոտողների կարծիքով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը բախվում է կրեմլամետ լայնածավալ ապատեղեկատվական արշավի։

Մայիսի սկզբին հայտնաբերվել էր 343 կեղծ տեսանյութ։ Վերլուծաբանները գնահատում են, որ սա վերջին տարիների ամենամեծ նմանատիպ գործողություններից մեկն է. միայն 2025 թվականի Մոլդովայի ընտրություններին միջամտելու արշավն է եղել ավելի մեծ։

Հետազոտողների կարծիքով՝ գործողությունը սկսվել է մարտի սկզբին որպես «Մատրյոշկա» ցանցի մաս, որը կրեմլամետ ապատեղեկատվական արշավ է և վերջերս ավելի ու ավելի հաճախ օգտագործում է արհեստական բանականության գործիքներ։

Կեղծ տեսանյութերից շատերը քարոզում են այն գաղափարը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի։

«Antibot4 Navalny» խումբը, որը ուսումնասիրում է բոտնեթերը, հայտնել է, որ հայտնաբերել է Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ տասնյակից ավելի կեղծ տեսանյութեր։ Դրանք կրկնում են երկու առաջնորդների միջև «գաղտնի գործարքի» կեղծ պնդումը. Ֆրանսիան իբր աջակցում է Փաշինյանին ընտրություններում Հայաստանի հաղթանակից հետո Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու խոստման դիմաց։

Օրինակ՝ մայիսի 11-ին կեղծ տեսանյութում պնդվում էր, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը հաստատել է ՆԱՏՕ-ի հրահանգիչների ներկայությունը Հայաստանում, և որ վարչապետն ինքը իբր մտադիր է եղել «ռազմական հակամարտություն հրահրել Ռուսաստանի հետ» խորհրդարանական ընտրություններից հետո։

Հետազոտողները ընդգծում են, որ կեղծ տեսանյութերը քարոզարշավի միայն մի մասն են։ Նրանք պնդում են, որ բոտնեթերը նաև ակտիվորեն տարածում են կեղծ հաղորդագրություններ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ «X»-ում Փաշինյանին վարկաբեկելու ակնհայտ փորձով։

Այնուամենայնիվ, այս մեղադրանքները հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։ Վերլուծաբանները նաև նշում են, որ չնայած որոշ գրառումներ տասնյակ հազարավոր դիտումներ են հավաքել, այս գործունեության զգալի մասը, հավանաբար, արհեստականորեն ուռճացված է եղել։

Արշավի նպատակը

Նախընտրական արշավը տեղի է ունենում Հայաստանի և Եվրամիության միջև նկատելի մերձեցման ֆոնին։ Հիմնական էպիզոդներից մեկը մայիսի սկզբին կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովն էր։

Միջոցառմանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հանդիպումից հետո կողմերը վերահաստատել էին երկկողմ համագործակցությունը խորացնելու իրենց մտադրությունը։

«Այսօրվա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը հստակ ազդանշան է ԵՄ-ի Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և նոր ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ, որոնք Հայաստանին և նրա քաղաքացիներին ավելի են մոտեցնում Եվրամիությանը»,- հայտարարել էր Կոշտան։

Գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանը նաև նշել էր, որ Հայաստանը մտնում է «խաղաղության և ժողովրդավարական համակարգի ամրապնդման նոր շրջան», որը, նրա խոսքով, բարենպաստ պայմաններ է ստեղծում ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Ապատեղեկատվական արշավի մեկնարկից երկու ամիս և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում զուգահեռներ էր անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Նա զգուշացրել էր, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ ավելի սերտ ինտեգրման ձգտումը կարող է հանգեցնել Ուկրաինայում տեղի ունեցածին նման հետևանքների։