21/05/2026

EU – Armenia

«Իրանա – ամերիկյան պատերազմը չի վերսկսվի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահոուն «լարված հեռախոսազրույց են ունեցել»։ Այդ մասին Երուսաղեմի պաշտոնական շրջանակներից հայտնի է դարձել Israel Inside-ին։

Պատճառը Իրանի հետ ԱՄՆ բանակցությունները շարունակելու առաջարկությունն է, որ «մշակել են Կատարը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը»։

Ըստ տեղեկությունների, նշված երկրները ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են «ստորագրել ռազմական դիմակայությունը դադարեցնելու մտադրությունների մասին հռչակագիր և սահմանել երեսունօրյա բանակցային ժամանակահատված»։

Ընդ որում, ռազմական դիմակայության դադարեցման պահից Հորմուզի նեղուցում պետք է վերականգնվի ազատ նավագնացությունը։ Reuters-ը զուգահեռաբար տարածել է ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ նա Իրանից «սպասում է հարյուրտոկոսյա դրական պատասխանի»։

Ընդսմին, նա իրանցի դիվանագետներին անվանել է «խելացի և բազմագիտակ»։ Թրամփը, սակայն, իրավիճակը ներկայացրել է այնպես, որ խոսքը ոչ թե միջնորդ երկրների, այլ Միացյալ Նահանգների կողմից Իրանին արվող նոր առաջարկության մասին է։

Ինչպես հայտնի է, Թրամփը Իրանին «կողմնորոշվելու համար» եռօրյա դեդլայն էր սահմանել, որի ժամկետն սպառվել է։ Մամուլում տեղեկություն է հայտվել, որ ԱՄՆ Սենատում շրջանառոության է դրվել պատերազմ վարելու Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևի նախագիծ, որին միացել են նաև հանրապետական մի խումբ սենատորներ։

Ինչպես երևում է, Իրանի դիրքորոշման վրա ազդում է նաև այդ հանգամանքը, բայց, հավանաբար, Թեհրանում կարեւորել են նաեւ այն, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարձակումը «ապօրինի» են գնահատել։

Այս համատեքստում կարելի է նաև էական համարել Պակիստանի պաշտպանության նախարար Ասիֆի տպավորությունը, որ «իրանա-ամերիկյան պատերազմը չի վերսկսվի»։

Նույն օրը «Մերձավոր Արևելքում իրավիճակը քննարկել» են նաև ԱՄՆ և Թուրքիայի նախագահները։ Մեծ է հավանականությունը, որ Իսրայելի վարչապետի դժգոհությունը պայմանավորված է Իրանի հարցում Թուրքիայի արդեն գործուն ներգրավվածությամբ և այդ համատեքստում թուրք-ամերիկյան հնարավոր մերձեցմամբ։