21/05/2026

EU – Armenia

Մարտեր՝ առանց կանոնների

2020 թվականի պատերազմի ժամանակ ՔՊ-ական իշխանությունն այսքան կենաց-մահու կռիվ չէր տալիս մեր թշնամու դեմ, ինչպես հիմա պայքարում է ընդդիմության դեմ` ընտրական ճակատամարտում հաղթելու համար:

Հրապարակ թերթը գրել է․ Այն կռվում զգուշավոր էին` թշնամու նավթամուղ-գազամուղներին չէին հարվածում, բնակավայրերը չէին ռմբակոծում (մեկ բացառությամբ` երբ սխալմամբ Կիրովաբադին խփեցին), ագրեսիվ լեքսիկոն չէին կիրառում: Հիմա այլ է իրավիճակը` բոլոր մեթոդներն ընդունելի են ու կիրառելի:

Հարվածում են ամենացավոտ տեղերին, մտնում են ընտանիքներ, կեղծիք են տարածում, խոստանում են «սատկացնել», «կզզըցնել», «ոչնչացնել»: Իսկ իրավապահ համակարգը, որը «Փաշինյանին սպասում եմ Շենգավիթ համայնքում» արտահայտությունը համարել է բռնության սպառնալիք, իսկ «սիկտիր» բառը՝ ատելության խոսք, այս արտահայտությունների մեջ ո՛չ բռնության հանցակազմ է տեսնում, ո՛չ ատելության խոսք, ո՛չ անհանդուրժողականություն, ո՛չ քարոզարշավի խոչընդոտում:

Բայց բոլոր սանձերն արձակած իշխանության վարքն այլեւս տարօրինակ չէ, ոչ էլ նրա սպասարկու իրավապահների` այս «մահապարտի» կեցվածքն է տարակուսելի:

Ավելի շատ զարմանում եմ ընդդիմության պահվածքի վրա: Եթե մենք նորմալ, համարձակ եւ գործունյա ընդդիմություն ունենայինք, հիմա իրավական ատյանները` դատախազությունը, քննչականը, դատարանները, պետք է հեղեղված լինեին հայցերով: Սրանք ուղղակի չպետք է աչք բացեին հայցերի տարափից:

Եթե մեր ընդդիմությունը մի քիչ վճռական լիներ, պետք է հիմա մարդկանց փողոց հանած լիներ: Դուրս չե՞ն գալիս` իրենք դուրս գային: Մեկ-երկու` շարքերը կավելանային, հանրությունը կակտիվանար, նախընտրական մթնոլորտ կձեւավորվեր եւ իշխանափոխության պահանջ:

Իսկ այս իներտության, քվեարկության օրվա սպասման մեջ շահում է նա, ով ավելի ագրեսիվ է: