21/08/2026

EU – Armenia

Դասախոսը դատարանում հաղթել է իր տնօրենին․ Լուսանկար

Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք գրող, լրագրող, խմբագիր, 53 տարի Իջեւանի քոլեջում դասախոս աշխատած Զավեն Ալավերդյանի պատմությանը:

Հրապարակ թերթը գրել է․ Նա համացանցում բաց նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին, հայտնել, որ դասերի ժամանակ քոլեջի դռները բանալիով փակ են պահում, ինչի մասին իր ահազանգից հետո իրեն նկատողություն են հայտնել․

«Ձեզ գրում է կես դարից ավելի կրթության ոլորտում աշխատած անձ։ Վերջերս Տավուշի Պ. Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ-հիմնադրամի ելքերը դասերի ընթացքում կողպվում են, շուրջ 350 ուսանողների եւ 80 աշխատակիցների կյանքի եւ առողջության համար ստեղծելով վտանգավոր իրավիճակներ` հնարավոր երկրաշարժերի, հրդեհների եւ այլնի դեպքում, կոպտորեն խախտելով համապատասխան կանոնները։ Այդ առիթով հրապարակում ունեցա իմ ֆեյսբուքյան էջում` մտահոգությունս պատկան մարմիններին հաղորդելու համար։ Եվ, օ՜ զարմանք, քոլեջի տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանի ձեռամբ, մտահոգությանս համար, ինձ նկատողություն տրվեց»։

Ալավերդյանը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի դեմ դատարան է դիմել` խնդրելով կարգապահական տույժն անվավեր ճանաչել։ Դրանից հետո քոլեջի տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանը 2-րդ նկատողությունն է տվել Ալավերդյանին, որն անվավեր ճանաչելու պահանջով եւս Ալավերդյանը դիմել է դատարան։

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Անանյանը հունիսի 3-ի նիստում որոշել է Զ․ Ալավերդյանի հայցադիմումն ընդունել վարույթ եւ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամից պահանջել է սույն որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել վիճարկվող անհատական իրավական ակտի՝ 29.04.2026թ. թիվ 44-26 հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, 29.04.2026թ. թիվ 44-26 հրամանում որպես հիմք վկայակոչված ներքին եւ անհատական իրավական ակտերը, Զ․ Ալավերդյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Հունիսի 15-ին ես հարցում եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Դուք տեղյա՞կ եք Իջեւանում գործող Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի ղեկավարության եւ աշխատակազմի մի հատվածի մեջ առկա հակամարտության մասին։ Ե՞րբ է այդ քոլեջ-հիմնադրամի տնօրենն ընտրվելու-նշանակվելու։ Ինչպե՞ս է այդ քոլեջ-հիմնադրամի տնօրենի ընտրության եւ նշանակման ընթացակարգը, ԿԳՄՍ նախարարությունն այդ ընտրության եւ տնօրեն նշանակելու գործում ի՞նչ իրավասություններ ունի»։

Ստացել եմ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի պատասխանը․ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի մրցույթն իրականացվել է «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային պետական քոլեջ» հիմնադրամի գործադիր տնօրենի նշանակման կարգի համաձայն: Ըստ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2026 թ․ հունիսի 15-ի թիվ 8 նիստի արձանագրության՝ Նարինե Իշխանյանը հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ նշանակվել է «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի տնօրեն»:

Հուլիսի 28-ին Տավուշի մարզի դատավոր Նարինե Անանյանը վճռել է Զավեն Ալավերդյանի հայցն ընդդեմ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի՝ կարգապահական տույժ նշանակելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել` անվավեր ճանաչել «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանի հրամանը եւ հիմնադրամից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20 հազար ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Զ. Ալավերդյանի մյուս հայցը՝ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ մյուս` 2026թ․ հունիսի 2-ի N62-26 հրամանն անվավեր ճանաչելու մասին, քննում է նույն դատավորը՝ Նարինե Անանյանը։ Հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 7-ին։

«Հրապարակ»․ Դասախոսը դատարանում հաղթել է իր տնօրենին