23/05/2026

EU – Armenia

Հակառուսական արշավը եւ ռուսի պատասխանը. հայկական ծաղիկների մուտքը ՌԴ կասեցվեց

Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով շոյում է Պուտինին, մյուս ձեռքով՝ սեւ PR ու հակաքարոզչություն անում նրա դեմ: Դրա վկայությունն են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի թողարկումները:

Հրապարակ թերթը գրել է․ Դրանց հետեւելով տպավորություն է ստեղծվում, թե սրանք ոչ թե Հայաստանի, այլ մի որեւէ հակառուս երկրի, օրինակ, Լատվիայի լուրերն են: Ի դեպ, հենց այս երկրի մայրաքաղաքում՝ Ռիգայում է տեղակայված The Insider հայտնի պարբերականի գլխավոր խմբագրությունը, որն օրերս նախընտրական վարկաբեկիչ «հետաքննություն» էր հրապարակել, ըստ որի՝ Հայաստանում մեծ ներդրում ունեցող բարերարներ Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը ռուսական գործակալներ են, որոնց միջոցով Ռուսաստանի հատուկ ծառայությունները, իբր, փորձում են եղանակ ստեղծել Հայաստանում, ազդել ընտրությունների ելքի վրա:

Միայն լրատվական ծրագրերի անոնսներին հետեւելը բավական է՝ համոզվելու համար, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հիբրիդային դիմակայությանը միացել է նաեւ Հայաստանը: Եկեք անցնենք Հ1-ի մայիսի 19-ի լուրերի վրայով:

Հարց․ ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու, իսկ կադրում Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն են: Ինչպե՞ս են աշխատում ռուսական հատուկ ծառայությունները՝ Ինսայդերի հետաքննությունը ներկայացվում է բառացի մեջբերումներով: Այս նյութի կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 21-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «The Insider-ը, որն արդեն վաղուց վերածվել է մեդիամանիպուլյացիաների եւ հակառուսական սուտ քարոզչության գործիքի, շարունակում է կեղծիքներ արտադրել՝ կատարելով իր արտասահմանյան հովանավորների համապատասխան պատվերները»:

Ռուսաստանի իրավաբանական անձանց պետական ռեեստրում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գլխավորող Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի՝ այս մասին ռեպորտաժին հաջորդում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հորդորը, թե մեզ դրսից չէ, որ պետք է ասեն՝ դեպի ԵՄ կողմնորոշվե՞լ, թե՝ ԵԱՏՄ:

Անգամ զանգվածային ընտրակաշառքների մասին Հ1-ի ամենօրյա սյուժեներում է հիշատակվում Ռուսաստանը: Ասվում է, որ ընտրակաշառք բաժանելու համար օգտագործվել են ռուսական բանկային քարտեր: Իսկ Դանիել Իոաննիսյանը պատմում է, որ իր ղեկավարած Իրազեկ քաղաքացիների միավորումը սահմանապահ ծառայության հետ ծրագիր է իրականացնում, որի շրջանակում «Զվարթնոցից» ու Բագրատաշենից Հայաստան մտնողներին թռուցիկներ են բաժանում, որոնցում գրված է, որ ընտրողների նկատմամբ ապօրինի միջամտությունները պատժվում են, եւ քվեարկության գաղտնիությունը պաշտպանված է:

Հիմնավորումն այն է, որ, ըստ Իոաննիսյանի, արտերկրում գտնվող քաղաքացիների հանդեպ կա պարտադրանք՝ ընտրել որոշակի քաղաքական ուժերի: «Եվ մենք հասկացանք, որ դրսում գտնվող ՀՀ քաղաքացիներին պետք է կարեւոր ուղերձներ հասցնենք»,- ասում է Իոաննիսյանը՝ ակնհայտորեն նկատի ունենալով հենց ՌԴ-ն:

Այս սյուժեն «Զվարթնոցում» է նկարահանված, կադրում բացառապես ռուսական քաղաքների անվանումներով չվացուցակն է՝ Մոսկվա, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ եւ այլն: Թույն ու ատելություն է նետվում հանրայինի եթերից Ռուսաստանի ուղղությամբ, իսկ բոլոր այն գործիչները, որոնք չունեն եվրոպամետ կողմնորոշում, հայտարարվում են դավաճաններ, լրտեսներ, ընտրակեղծարարներ:

Ի՞նչ են անելու Հ1-ի լուրեր պատրաստողները, եթե հանկարծ Քննչական կոմիտեն, հակակոռուպցիոնը, դատախազությունը իրենց «մատերիալ» չտան, եթե հանկարծ ԱԱԾ-ն չհամագործակցի իրենց հետ: Առհասարակ, լուրերի թողարկումը դիտողին կարող է թվալ, թե այն ԱԱԾ-ն է պատրաստում, ոչ թե՝ լրագրողները: Ամեն օր գաղտնալսումներ են ներկայացվում՝ երկար-բարակ, 3-4 րոպե տեւողությամբ անընթեռնելի, խիստ վիճելի հեռախոսային զրույցներ, սեւ ֆոնին, որոնք՝ բոլորն ունեն մեկ նպատակ՝ ապացուցել, որ «կալուգացու» «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում: Ու ոչ մի անգամ Հ1-ի խեղճ հեռուստադիտողը չիմացավ, թե ինչ են խոսում իրար մեջ ՔՊ-ականները: Ոչ մի գաղտնալսում առ այն, թե ինչ է ասում Նիկոլն իր հպատակներին, նրանք իրար մեջ ինչ են քննարկում:

Փոխարենը՝ «Ուժեղ Հայաստանի» հետեւորդներին վերագրվող զրույցներ ենք լսում հանրայինի եթերից․ խախտելով անմեղության կանխավարկածը՝ ռեպորտաժներում ներկայացվում է, թե իբր «թղթի պաչկով 20 հազարանոցներ» են Տաշիր ուղարկում՝ արցախցիների համար, ինչ-որ զինվորականների համար գազ ու բենզինի փող, որ գնան Նարեկ Կարապետյանի հետ հանդիպման, ու կադրում Կարապետյանն է՝ զինվորականի հետ խոսելիս: Արդեն իսկ այն հանգամանքը, որ այսքան գաղտնալսվելուց ու խայտառակ լինելուց հետո էլ մարդիկ հեռախոսով փողի անուն են տալիս, վկայում է, որ «բացահայտումները» կեղծ են:

Ծառուկյանի «Արարատցեմենտի» դեմ հարձակումը, ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանին հայրենիքի դավաճանության համար մեղադրանք ներկայացնելը հակառուսական քարոզչության հաջորդ արարներն են: Ծառուկյանի մասին սյուժեներում շեշտում են, որ նա երեք ձեռնարկություն ունի՝ Ռուսաստանում հիմնված, եւ այնտեղ շենքեր է կառուցում:

Հ1-ի լրատվության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ավելացման, վիզաների ազատականացման վերաբերյալ սյուժեները: Սա եւս յուրօրինակ հակառուսական քարոզչություն է: Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը հակասում են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն եւ դրանց արմատական փոփոխության միտում են կրում իրենց մեջ: Մայիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա ասել է, որ այդ մասին բացարձակ անկեղծ տոնով խոսել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Եվ որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե Ռուսաստանին վերաբերվում է «հարգանքով ու ակնածանքով», որ մոտ 200 հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ եւ ոչինչ չի արել Ռուսաստանի շահերի դեմ, իսկ նրա էկոնոմիկայի նախարարը պնդի, որ ոչինչ չի փոխվել հայ-ռուսական հարաբերություններում՝ Հայաստանից այսօր շատ մեծ ծավալի ապրանք է արտահանվում ՌԴ, Ռուսաստանից էլ շատ մեծ ծավալով ներմուծվում է ՀՀ, նրանց հնարավոր չէ հավատալ: Հակառուսական տեղեկատվական արշավն աչք է ծակում, իսկ դրա համար վճարում են ՀՀ քաղաքացիները՝ իրենց գրպանից: «Ռոսսելխոզնադզորը», որը վաղուց քաղաքական գործիք է դարձել Հայաստանի դեմ, հերթական սահմանափակումն է մտցրել Հայաստանի դեմ՝ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակել են հայկական ծագման ծաղիկների ներմուծումը Հայաստանից: Նշվում է, որ դա կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ որ ստուգումներ անցկացվեն, վերլուծություններ արվեն հանրապետության ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ: