25/05/2026

EU – Armenia

Ցուլի առաջ կարմիր շո՞ր ես բեմադրում, Նիկոլ, թե՞ ժողովրդին ես վախեցնում

Երբեմն ամենատարրական բաներն ենք մոռանում։ Ալիևի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հոխորտանքը, սպառնալիքները հիշու՞մ եք, որ Հայաստանը իբր թե զենք էր ուզում ձեռք բերել։

Հրապարակ թերթը գրել է․ Եթե դա չեք հիշում, գոնե Փաշինյանի հավաստիացումները հիշու՞մ եք, որ նման բան չկա։ Մենք խաղաղության ենք գնում։

Հիմա այդ ո՞նց ստացվեց, ձեզ հարց տվե՞լ եք, որ նախընտրական այս շրջանում Նիկոլ Փաշինյանը զորահանդես է կազմակերպում, որ Հայաստանի ռազմական տեխնիկան ցուցադրի, երբ նախորդ տարիներին մտքովն անգամ չէր անցել «պատից կախված հրացանը» իջեցնել ու կանգնեցնել թշնամուն։

Առանց թվեր հնչեցնելու ասեմ, որ պարտությունից հետո Հայաստանը իր ռազմական հանդերձանքը հանել ու տվել է Ադրբեջանին։ Ի՞նչը փոխվեց, Նիկոլն այնքան հզորացա՞վ, որ այսօր կարմիր շոր է հագնում ցլի առաջ։ Նույն Նիկոլը, որ ասում էր․ «կարմիր շոր չպիտի հագնել, որ ցուլին չգրգռենք»։ Նկատի ուներ Ալիևին։

Այսօր հայ ժողովուրդն այլ Նիկոլ է տեսնում։ Մայիսի 28-ին իր ձեռք բերած ռազմական տեխնիկան է ցուցադրում։ Բայց այստեղ ամենակարևոր հարցը ոչ թե ցուցադրվող տեխնիկան է, այլ այդ ցուցադրության քաղաքական ժամանակագրությունը։ Ինչո՞ւ հենց հիմա։ Ինչո՞ւ հենց ընտրական մթնոլորտում։ Ինչո՞ւ այն պահին, երբ հասարակության մի զգալի հատված արդեն սկսել է իշխանությունից պահանջել ոչ թե խաղաղության խոստումներ, այլ անվտանգության իրական երաշխիքներ։

Տարիներ շարունակ հանրությանը համոզում էին, որ ուժի ցուցադրությունը վտանգավոր է, որ բանակի մասին բարձր խոսելը կարող է «սադրել» Ադրբեջանին, որ պետք է զգույշ լինել, չգրգռել, չկոշտացնել հռետորաբանությունը։ Բայց այսօր նույն իշխանությունը ոչ միայն ռազմական տեխնիկա է ցուցադրում, այլ դա վերածում է քաղաքական բեմադրության՝ փորձելով հանրությանը փոխանցել ուժի, վերահսկողության ու «կայացած պետության» պատկերը։

Ու այստեղ առաջանում է ամենացավոտ հակասությունը․ եթե երեկ ուժի ցուցադրությունը վտանգավոր էր, ապա այսօր ինչպե՞ս դարձավ ընդունելի։ Եթե երեկ «կարմիր շոր» հագնելը սխալ էր, ապա այսօր ինչո՞ւ նույն մարդը հրապարակային կերպով անում է դա։

Ստացվում է՝ կամ երեկվա քաղաքականությունը սխալ էր, կամ այսօրվա պահվածքը պարզապես ընտրական տեխնոլոգիա է։ Մնում է հարցնել իր իսկ աֆորիզմով՝ ցուլի առաջ կարմիր շո՞ր ես բեմադրում, Նիկոլ, թե՞ ուժդ մեզ վրա ես փորձում, մե՞զ ես վախեցնում։

Ուշագրավն այն է, որ Ալիևը լռում է, որը ամենաղմկոտ բացահայտումն է, թե ինչու է ընտրության շեմին լռում։ Որովհետև երբեմն քաղաքականության մեջ ամենաբարձր ձայնը ոչ թե սպառնալիքն է, այլ ճիշտ պահին պահպանված լռությունը։