26/05/2026

EU – Armenia

Երբ խորհրդարանն ինքն իրեն է անարժեք դարձնում․ ԱԺ նիստին ընդամենը 5 պատգամավոր է ներկայացել

Այսօր՝ մայիսի 26-ին նախատեսված ԱԺ հերթական քառօրյան այդպես էլ ժամանակին չմեկնարկեց․ պատճառը նույնքան պարզ, որքան ամոթալի էր՝ քվորում չկար։

105 պատգամավորից գրանցվել էր ընդամենը հինգը՝ նիստը վարող Հակոբ Արշակյանը, որը պատգամավոր դառնալու հայտ չի ներկայացրել և ընտրություններին չմասնակցող «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավոր։

Փաստորեն, երկրի գլխավոր օրենսդիր մարմնի աշխատանքը կրկին զիջել է քաղաքական հաշվարկներին ու նախընտրական վազքին։ Երբ քարոզարշավը դառնում է առաջնահերթություն, խորհրդարանը՝ երկրորդական, իսկ պատգամավորական մանդատը՝ միայն ընտրությունից ընտրություն հիշվող գործիք, նման պատկերն արդեն զարմանալի չէ։

Խորհրդարանական պետության մասին բարձրաձայն խոսելը հեշտ է, սակայն այդ պետության առանցքային ինստիտուտի նկատմամբ այս վերաբերմունքը ցույց է տալիս իրական վերաբերմունքը ոչ միայն ԱԺ-ի, այլ նաև այն քաղաքացիների նկատմամբ, որոնց ձայներով ձևավորվել է հենց այս խորհրդարանը։

Այժմ ԱԺ-ն ընդմիջման մեջ է։ Առաջիկա չորս ժամվա ընթացքում պետք է փորձեն հավաքել անհրաժեշտ թվով պատգամավորների, որպեսզի նիստը վերջապես կայանա։ Հարցն այլ է՝ եթե խորհրդարանը պատգամավորներին պետք է «հավաքագրի», ապա ո՞վ է զբաղված օրենսդիր աշխատանքի պատասխանատվությամբ։