26/05/2026

EU – Armenia

Արտակարգ իրավիճակ` Նոր Նորքի անձնագրայինում. Հինգ տասնյակից ավելի մարդ չի կարողացել ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնել․ Լուսանկար

Ըստ սահմանված կարգի՝ քաղաքացիները կարող են իրենց գտնվելու վայրին համապատասխան ընտրատեղամաս ընտրելու համար դիմումներ ներկայացնել մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն։

Հրապարակ թերթը գրել է․ Սակայն այսօր Նոր Նորքի անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Հոսանքազրկման պատճառով վարչությունը ժամը 14։00-ից հետո փաստացի չի աշխատել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել սպասարկվել։

Տեղում հավաքված քաղաքացիները ժամեր շարունակ սպասել են, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց դիմումները և փոխել ընտրատեղամասը, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտ էլեկտրամատակարարումը չի վերականգնվել, և գործընթացը մնացել է կաթվածահար։

Առնվազն 50 քաղաքացի չի կարողացել դիմում ներկայացնել։ Այս մասին մեզ հայտնեցին վարչության աշխատակիցները՝ նշելով, որ հոսանքազրկման հետևանքով սպասարկումն ամբողջությամբ դադարեցվել է։

Ստեղծված իրավիճակը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանում է արդեն վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 14։00-ին։ Արդյունքում՝ քաղաքացիների մի մասը կարող է զրկվել ընտրատեղամասի փոփոխության իրավունքից՝ իրենցից անկախ պատճառներով։

Միայն այսօր չսպասարկված շուրջ 50 քաղաքացիները և վաղը ավելացող նորերը ընդամենը 5 ժամ ժամանակ ունեն դիմում ներկայացնելու համար` մայիսի 26-ին, ժամը 09։00-ից մինչև 14։00-ն։ Նշենք, որ եթե քաղաքացին ցանկանում է Նոր Նորքի տարածքում գտնվող ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարել, ապա պարտադիր է, որ դիմումը ներկայացնի Նոր Նորքի անձնագրային և վիզաների վարչություն։

ՀԷՑ-ից տեղեկացանք, որ հոսանքազրկման պատճառը վթարն է, սակայն դժվարացան պատասխանել հարցին, թե երբ կվերականգնվի հոսանքի մատակարարումը։

Արտակարգ իրավիճակ` Նոր Նորքի անձնագրայինում. Հինգ տասնյակից ավելի մարդ չի կարողացել ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնել