29/05/2026

EU – Armenia

Նիկոլ, բա որ հայրենիք չկա, սրանք ո՞նց են հայրենիքի ծառայության մեդալ ստացել

Եթե հավատանք Նիկոլ Փաշինյանի հայտնի ձևակերպմանը, թե՝ «պետությունից դուրս հայրենիք չկա», ապա իշխանությունն առնվազն պարտավոր է սեփական բառապաշարի հետ ազնիվ լինել։

Հրապարակ թերթը գրել է․ Որովհետև եթե հայրենիքը այլևս զգացմունք, պատմություն, հիշողություն ու ինքնություն չէ, այլ ընդամենը պետական կառավարման մեխանիզմ, ապա ինչպե՞ս են նույն այդ համակարգի ներկայացուցիչները ստանում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշաններ։ Ստացվում է՝ կամ հայրենիքը կա, կամ Փաշինյանի բանաձևն էր քաղաքական պահի համար հարմարեցված հերթական գաղափարական մանիպուլյացիան։ Այլ տարբերակ չկա։

Փաշինյանն ինքն էր ասում՝ ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, որովհետև հայրենիքը գտնված է։ Բայց այսօր այդ «գտնված հայրենիքը» կարծես ավելի շատ իշխանության կաբինետների, պաշտոնական բրոշկաների ու պարգևների համակարգում է ապրում, քան մարդկանց հոգեբանական իրականության մեջ։ Հասարակությունից խլում են հայրենիքի զգացական ու պատմական ընկալումը, հետո նույն բառը փաթաթում պետական մեդալների վրա՝ որպես իշխանական լեգիտիմության զարդարանք։

Եվ հիմա տեղեկանում ենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով։ Բայց այստեղ արդեն ոչ թե պարգևատրվողների հարցն է կարևոր, այլ՝ իշխանության ներքին հակասությունը։ Ո՞ր հայրենիքին մատուցած ծառայությունների համար, եթե նույն իշխանության ղեկավարի քաղաքական փիլիսոփայությամբ հայրենիքը վերածվել է վարչական տերմինի։

Սա արդեն պարզապես բառերի խաղ չէ։ Սա հոգեբանական ճեղք է պետության ու հասարակության հարաբերություններում։ Երբ իշխանությունը մի ձեռքով արժեզրկում է «հայրենիք» հասկացությունը՝ այն ներկայացնելով որպես հնացած, նախկիններից մնացած, ավելորդ հուզականություն, իսկ մյուս ձեռքով նույն բառը օգտագործում պետական պարգևների վրա։ Ստացվում է քաղաքական ցինիզմի դասական պատկեր։ Հասարակությանը փորձում են համոզել, որ հայրենիքը ռոմանտիկ մոլորություն է, բայց պետական մեդալների վրա այն դեռ շատ օգտակար բրենդ է։ Հարց՝ Նիկոլ, բա որ հայրենիք չկա, սրանք ո՞նց են հայրենիքի ծառայության մեդալ ստացել։

Այդ դեպքում գուցե ավելի ազնիվ կլիներ, եթե նախագահական հրամանագրում գրվեր, որ նրանք պարգևատրվել են ոչ թե «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», այլ « Նիկոլի իրական Հայաստանի կառուցման գործում ունեցած ավանդի համար» մեդալով։ Առնվազն դա կլիներ գաղափարապես հետևողական։ Որովհետև այսօր ստացվում է՝ իշխանությունն իր քաղաքական խոսույթով հերքում է հայրենիքը, բայց պետական հանդիսավորության պահին նորից ապավինում նույն բառին՝ հասկանալով, որ առանց դրա հանրային զգացմունք կառավարելն անհնար է։