«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը օրերս հարցազրույցներից մեկում բավականին ուշագրավ հայտարարություն է արել Ալիևի պահանջով Փաշինյանի իշխանության կողմից Սահմանադրության «փոփոխության նախագծի» վերաբերյալ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը: Նախ՝ նա ընդգծել է, որ այդ «փոփոխության նախագիծը» ՔՊ-ն որոշել է մինչև ընտրությունների անցկացումը գաղտնի պահել: Դա արդեն անընկալելի է:
Ըստ Ավետիք Չալաբյանի, այդ գաղտնապահության պատճառները պայմանավորված են ոչ միայն Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբանից հանելու հետ, այլև այն փոփոխությունների հետ, որ քպական իշխանությունը ցանկանում է իրականացնել հողի ձեռքբերման իրավունքի հարցում: Մասնավորապես, «ՀայաՔվեի» համակարգողն ընդգծում է, որ, իր տեղեկություններով, հիշյալ նախագծով նախատեսվում է Սահմանադրությունից հանել այն դրույթը, որով օտարերկրացիներին արգելվում է Հայաստանում հողային սեփականություն ունենալ:
Այդ արգելքը հանելու նպատակն էլ, ինչպես դժվար չէ կռահել, այն է, որ թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում հող ձեռք բերելու և սեփականացնելու իրավունք ստանան:
Հանրությանը հայտնի Դանիել Իոաննիսյանը, որ փաշինյանական ռեժիմի կողմնակից լինելուց բացի, նաև այդ իշխանական «սահմանադրական բարեփոխումների խորհրդի» անդամ է, հայտարարում է, թե՝ «սուտ է, նման բան չկա»: Համենայն դեպս, իր ֆեյսբուքյան էջում մի պաթետիկ գրառում է արել, ինչպես նշեցինք, ասել է, թե՝ «նախագծում, հակառակը, նախատեսվում է խստացնել այդ կարգավորումը ու արգելել օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց էլ հող գնել»:
Բայց Իոաննիսյանի գրառման վերջն ավելի ճոխ է. «…Ասեմ, որ Սահմանադրական բարեփոխումների պրոցեսում գաղտնի բան չկա, ամբողջ բովանդակությունը թափանցիկ է, բովանդակության հետ կապված ցանկացած հարցի հաճույքով կպատասխանեմ»:
Ստո՛պ: Մեկ րոպե, էլի: Իսկ ինչո՞ւ պիտի հարցերին Դանիել Իոաննիսյանը պատասխանի, այսպես ասած՝ լուսավորի հանրությանը, թե իրենց խորհրդի հավաքական ջանքերով ինչ նախագիծ են ստացել, այնտեղ ինչ կա գրած, ինչ չկա գրած:
Չէ, լուրջ, էլի: Քավ լիցի, Փաշինյանի ու ՔՊ-ի «կրթական» ծրագրերը դեռ այն աստիճանին չեն հասել, որ հասարակության մեծամասնությունն անգրագետ ու անտառաճանաչ լինի: Բոլորն էլ գրելկարդալ, հատկապես՝ կարդալ կարող են:
Էհ, եթե Սահմանադրության «փոփոխության նախագծում» նման բան չկա գրած, այդ նախագիծը հրապարակեք: Ո՞րն է բարդությունը: Հրապարակեք, ժողովուրդն էլ նայի, համոզվի՝ ով է ճիշտն ասում, ով՝ հակառակը:
Առավել ևս, որ ինչպես հիշյալ անձն է ասում՝ «բովանդակությունը թափանցիկ» է: Թափանցի՞կ է: Շատ բարի: Հրապարակեք: Այլ ոչ թե «հարցրեք, ես ասեմ»: Այսինքն, Իոաննիսյանը կամ հանձնաժողովի մեկ այլ անդամ նաև պաշտոնական տեքստ կարդալու և հանրությանը վերապատմելու միջնո՞րդ են:
Իսկ հնարավո՞ր է, որ Սահմանադրության «կարուձևի» իշխանական նախագիծը նախքան ընտրությունները չի հրապարակվում զուտ «նախընտրական պատճառներով»: Գիտե՞ք, շատ հնարավոր է: Ի՞նչ իմանաս, թե ինչեր են գրել այդ նախագծում: Միգուցե այնպիսի բաներ են գրել, որ եթե ընտրություններից առաջ հրապարակեն, ապա Փաշինյանի աջակիցների՝ առանց այդ էլ նոսրացած շարքերը էլ ավելի կնոսրանա՞ն:
Փիլիսոփայել պետք չէ, պարզապես նախագծի տեքստը հրապարակե՛ք:

Բաց մի թողեք
Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում
Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են