Ոչ մի բանից չխորշող իշխանությունը, որը 2023-ին արցախցիներին թողեց մեն-մենակ ադրբեջանական հրոսակների առաջ եւ նրանց` հայրենիք տեղափոխվելուց հետո սկսեց թիրախավորել, չի դադարեցնում արցախցիների հասցեին ատելություն տարածելը:
Հրապարակ թերթը գրել է․ Եվ դա անում է երկրի թիվ 1 պաշտոնյայի շուրթերով, ինչը նրա ստրկամիտ բանակը որպես հրահանգ է դիտում: Մենք` հայաստանաբնակներս, որքան էլ ջանքեր ենք գործադրում այդ ատելության ու պառակտման դեմ պայքարելու, անզոր ենք, երբ այդ զազրելի արշավը կազմակերպվում, ղեկավարվում է հենց կառավարության ղեկավարի ու նրա թիմի կողմից:
Դեռ 23-24 թվերին այս իշխանությունը մի զազրելի գործընթաց էլ նախաձեռնեց արցախցիների նկատմամբ․ չգիտես՝ տգիտությունից թե չարությունից ելնելով, հայտարարեցին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերը, որոնք ժամանակին տրվել են արցախցիներին, անվավեր են` նրանք ՀՀ քաղաքացիություն չունեն:
Պատճառն ընդամենը այն էր, որ անձնագրերը տրամադրվել էին 070 բաժանմունքի կողմից` 070 կոդով: Անձնագրերը մեկին մեկ նույնն էին, ինչ որ մյուսներինս, բայց սրանք ձեւը գտան` այս ճանապարհով եւս արցախցիներին հայաստանցիներից բաժանելու: Եվ սկսվեց մի երկարուձիգ, հալումաշ անող գործընթաց` նոր անձնագրեր ստանալու: Ու քանի որ արցախցիները հասկանալի պատճառներով Նիկոլ Փաշինյանին մերժում են` նրանց անձնագրեր տալու գործը ՆԳ համակարգի կողմից ամեն կերպ սկսեցին խոչընդոտել, որ նրանք ընտրություններին չմասնակցեն:
Նախօրեին հայտարարել էին, որ կան դատարանի վճիռներ` արցախցիների անձնագրերը վավեր ճանաչող, ուստի արցախցիները եւս կարող են մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին: Բայց գործի անցավ ՔՊ-ական ՆԳ կին նախարարը եւ հայտարարեց, որ արցախցիները չեն կարող օգտվել ընտրելու իրավունքից:

Բաց մի թողեք
Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը
Կորչի աշխատանքը` Նիկոլն է եկել
Ինչու է Գյումրին կարեւոր Փաշինյանի համար