30/05/2026

EU – Armenia

Հաջորդ թիրախը «Վեդի Ալկոյի» Մանվելն է. Լուսանկար

Վերին Լարսի անցակետից հետ` Հայաստան է վերադարձվել «Վեդի Ալկո» կոմբինատի մեծ ծավալի արտադրանք, որն ուղարկվում էր Ռուսաստան։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սահմանային ստուգումների ընթացքում խմբաքանակը կանգնեցվել է, ինչ-որ մանր-մունր խնդիրներ է ռուսական կողմը «մահանա բռնել»: Բայց նպատակը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմնակից բիզնեսմենին` Մանվել Ղազարյանին «պատժելը»։

«Վեդի Ալկոյի Մանվել» անունով գործարարը 2018 թվականի իշխանափոխությունից ի վեր աջակցել է ու մինչ օրս շարունակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, չնայած 2018-ից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձություններին։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման ճանապարհին սահմանափակումներ են կիրառվում, մի շարք բեռնափոխադրումներ կանգնեցվում են կամ հետ վերադարձվում Վերին Լարսից։ Արդեն արգելվել է ծաղիկի, ելակի, ջերմուկի արտահանումը, կոնյակի որոշ տեսակների: Ակնհայտ է, որ պատճառն Արեւմուտքի ճամփան բռնած, հակառուսական քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանի դիվանագիտությունն է:

Հայ-ռուսական հարաբերությունները հատկապես սրվեցին մայիսի սկզբին կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո, որի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին երեւանյան հարթակից որոշ հայտարարություններ արեց` ընդդեմ Ռուսաստանի:

Մենք փորձեցինք կապվել «Վեդի Ալկո» ընկերության պատասխանատուների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

«Հրապարակ»․ Հաջորդ թիրախը «Վեդի Ալկոյի» Մանվելն է