Ռուս ժողովրդի և ուղղափառ հավատի շահերի պաշտպան հանրային գործիչների վերջին նորությունները զայրույթի ալիք են բարձրացրել։
Այդ մասին մայիսի 30-ի խմբագրականում գրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն և կոնկրետացրել․ «Ղազախստանի ղեկավարությունը երկիրը ճանաչել է Ոսկե հորդայի ժառանգորդ։ Մոտավորապես նույն ժամանակ ՌԴ մերձբայկալյան հանրապետություններից մեկը հայտարարել է մոնղոլ զորավարի, որ դաժան արշավանքներ է իրականացրել հին ռուսական քաղաքների դեմ, անվան շքանշան հիմնելու մասին»։
Լրատվամիջոցը զգուշավորություն է ցուցաբերել, խոսքը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի «փոքր հայրենիքի»՝ Տուվայի հանրապետության խորհրդարանի որոշման մասին է։
Տուվացիները հիմնել են Չինգիսխանի զորահրամանատար Սուդեբեյի անվան շքանշան, որ պետք է շնորհվի Ուկրաինայի դեմ պատերազմում «Ռուսաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը քաջաբար պաշտպանած կամավորականներին»։
Ի՞նչն է անհանգստացրել «ռուս ժողովրդի և ուղղափառ հավատի շահերի պաշտպան» հանրային գործիչներին։ «Նեզավիսիմայա գազետա»-ն վկայակոչել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքարանի հիմնադրած՝ Սուրբ Տիխոնյան հումանիտար համալսարանի ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանում իրեն ուղղափառ եկեղեցու հետևորդ է ճանաչում միայն բնակչության 65 տոկոսը։
Այն դեպքում, երբ 2011թ․-ին ուղղափառ դավանանքի հետևորդները կազմել են բնակչության 78 տոկոսը։ Գրեթե նույն կամ, թերևս, ավելի զգաստացնող արդյունք է արձանագրել Սոցիոլոգիական հարցումների կենտրոնը, որի տվյալներով 2025թ․-ին ուղղափառ դավանանքի հետևորդները կազմել են ՌԴ բնակչության 67 տոկոսը, այն դեպքում, երբ 2017 թ․-ին նրանք 75 տոկոս էին կազմում։ Ըստ պարբերականի, Ռուսաստանում «մետաֆիզիկայի հանդեպ մարդկանց ուշադրությունը միշտ չէ, որ դրսեւորվում է Մոսկվայի պատրիարքարանի շրջանակներում»։
Վերջին շրջանում Ռուսաստանի լրատվամիջոցները Հայաստանի վերբերյալ քարոզչություն են տանում, որ «Հայ առաքելական եկեղեցին իշխանությունների կողմից ենթարկվում է հետապնդումների»։
«Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը վկայում է, որ Ռուսաստանի պետական քաղաքականությունը հասցրել է Ռուս ուղղափառ եկեղեցու ազդեցության կտրուկ անկման։ Որքանով հասկացվում է ենթատեքստային ակնարկներից, խնդիրը ոչ այնքան դավանաբանական, որքան որ քաղաքակրթական է և վերաբերում է ազգային-պետական ինքնությանը։
Վլադիմիր Պուտինը Ոսկե հորդան ավելի հանդուրժողական է ճանաչել, քան «արևմտյան նվաճողներին»։ Երևում է, քաղաքակրթական այդ ընտրությունը Ռուսաստանի հանրային շրջանակներում աջակցություն չունի։
Հայաստանի ապագայի համար Ռուսաստանի այդ «ճգնաժամը» շատ սկզբունքային նշանակություն ունի։ Հայկական ինքնությունը Ոսկե հորդայի հետ որևէ ընդհանրություն չունի։

Բաց մի թողեք
Գործող իշխանության կայացնելիք որոշումը՝ Պուտինը գործում է հօգուտ Փաշինյանի
Ոչ թե Ռուսաստանն է Ադրբեջանից փոխառել, այլ Ադրբեջանը՝ Ռուսաստանից
Թբիլիսիում «ռուսաստանյան լրտեսական ցանց է բացահայտվել»