Ակնհայտ, տասնյակ լրատվամիջոցներով լուսաբանված փաստ է, որ 2017 թ․ սեպտեմբերի 14-ին, երբ Հայաստանում նժդեհա-դաշնակցական ազգային-հայրենասիրական և գերռուսամետ իշխանություն էր, Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթելում» գումարվել է «Մոսկվա-Բաքու առանցք, դեպի Կովկասի նոր աշխարհաքաղաքականություն» խորագրով առաջին միջազգային փորձագիտական կոնֆերանսը։
Այն նախաձեռնել են ռուս հայտնի գրող, իմպերիական Ռուսաստանի ջատագով Պրոխանովը։ Եվ եվրասիականության գաղափարաբան, ՌԴ նախագահի ոչ պաշտոնական խորհրդական Ալեքսանդր Դուգինը։
Կոնֆերանսին մասնակցել են Ռուսաստանի պետական դումայի տասնյակ պատգամավորներ, այդ թվում՝ կոմկուսակցական խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը։ Հիմնական թեման ձևակերպվել է այսպես․ «Ադրբեջանի դերը՝ որպես Ռուսաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև միջնորդ»։
Նույն՝ «Մոսկվա- Բաքու առանցք» կոնֆերանսի երկրորդ նիստը գումարվել է 2018թ․ հունիս 1-2-ին, բայց արդեն՝ Ադրբեջանում, ավելի կոնկրետ՝ Ջեբրայիլի շրջանի Ջոջուկ Մարջանլի գյուղում, որը ադրբեջանական բանակի կողմից հետ է գրավել 1994թ․ հունվարին՝ Հորադիզ ավանի և մոտ մեկուկես տասնյակ այլ բնակավայրերի հետ։ Երկրորդ կոնֆերանսն անցել է «Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Ադրբեջանն» է կարգախոսի ներքո։
Մասնակիցները Ալեքսանդր Դուգինի առաջնորդությամբ այցելել են 2016թ․ ապրիլյան մարտերի ընթացքում ադրբեջանական զորքերի վերահսկողությանը անցած Լելե-թեփե բարձունք, ողջագուրվել այնտեղ մարտական հերթապահության կանգնած ադրբեջանցի զինվորականների հետ։
Իր ելույթում Կրեմլի գաղափարախոս Դուգինը ասել է, որ կոնֆերանսի համակազմակերպիչ Պրոխանովն է առաջարկել այն «անցկացնել Ղարաբաղում», և դա «ճիշտ է, քանի որ Ռուսաստանը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք»։
Բացի այդ, Դուգինը կարևորել է, որ Ջոջուկ Մարջանլիում կոնֆերանսի անցկացումը «խորհրդանշում է, թե Ռուսաստանի մտավորականությունը, հանրային գործիչները ինչպես են մոտենում ղարաբաղյան խնդրին, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին»։
Ըստ էության, արդեն 2017թ․ սեպտեմբերին,-իսկ դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ստեփանակերտում սահմանադրություն է փոխվել և ԼՂՀ-ն վերանվանվել է Արցախի Հանրապետություն,- Մոսկվան և Բաքուն եկել են ընդհանուր հայտարարի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի նոր պատերազմով։
Այլապես Դուգինը և պետական դումայի մի խումբ պատգամավորներ չէին այցելի ապրիլյան քառօրյա մարտերի հետևանքով ադրբեջանական վերահսկողությանը անցած Լելե-թեփե բարձունք։
Այդ, ինչպես նաև Թալիշի ուղղությամբ գրաված մի քանի դիրքերը Ադրբեջանը ներկայացնում էր որպես «ապագա ռազմական հաղթանակի խորհրդանշաններ»։
Այսպիսով, պարզ է, որ 2017-ի աշնանը ծրագրված էր այն, ինչ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն է խոստովանել․ «Մենք Ղարաբաղում Թուրքիայի հետ բարդ օպերացիա իրականացրինք», իսկ արտգործնախարար Լավրովը կատարվածը անվանել է «ռուս-թուրքական սիներգիայի արդյունք»։
Սա է իրողությունը, ինչի դիմաց բոլոր վերագրումները և մտավարժանքները կորցնում են իրենց արժանահավատությունը։ Ի դեպ, «Մոսկվա- Բաքու առանցք, դեպի Կովկասի նոր աշխարհաքաղաքականություն» առաջին կոնֆերանսը Մոսկվայում գումարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը ընդառաջ։
Ալիևը ինչո՞ւ պիտի համաձայներ ԼՂ կարգավորման խաղաղ-բանակցային ցանկացած առաջարկության, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել էր ռուս-թուրքական սիներգիայի միջնորդի հուսալի մանդատ։

Բաց մի թողեք
Ռուսաստանից Վրաստանի հանդեպ ճնշումների մասին
ԼՂ հարցում Հայաստանի բոլոր իշխանությունները առաջնորդվել են «մեզ դավաճան չասեն» մտայնությամբ
Մոսկվան ընդգծում է՝ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին ՌԴ դիրքորոշման մեղմացում չէ