02/06/2026

EU – Armenia

Փաշինյանը թիմի հետ հանգստացնող «թերապիաներ» է իրականացնում

Նիկոլ Փաշինյանը հան­գս­տացրել է թիմին, թե հունիսի 8-ից կավարտվի ռուսական կոշտ վերաբերմունքն իրենց իշխանության նկատմամբ, եւ թե դա իբր պայմանավորված է Հայաստանի ընդդիմությանն աջակցությամբ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Բանն այն է, որ ՔՊ-ում ոմանք քաջ գիտակցում են, որ եթե ռուսական սահմանափակումները երկար շարունակվեն, Հայաստանի տնտեսությունը պայթելու է` դրանից բխող լուրջ հետեւանքներով։

Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է հանգստացնել նրանց։ Ուղղակի քանի որ ՔՊ-ում մեկ մարդու իշխանություն է եւ դիկտատուրա, ոչ ոք չի համարձակվում Փաշինյանին խորհուրդ տալ` միջոցներ ձեռնարկել, փորձել շտկել իրավիճակը։

Փաշինյանի հանգստացնող «թերապիան», սակայն, ոչ բոլորն են արժանահավատ համարում: Կարծում են, որ սա նրա հերթական ավանտյուրան է եւ պարտությունը հաղթանակ ներկայացնելու իր ոճը։

Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին 10-20 մարդ էլ չէր մասնակցի:

Նախկին հեղափոխական առաջնորդի իմիջից ոչինչ չի մնացել, եւ նրա հետեւորդների շարքերն էլ խիստ նոսրացել են: Այնպես, որ անգամ իր ծննդավայր Իջեւանում այսքան ադմինիստրատիվ լծակներ կիրառելով` չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել: Իջեւանը փոքր քաղաք է, այնտեղ չկան առանձնապես մեծ հրապարակներ:

Հայտնի հրապարակը կոչվում է երգող շատրվանների հրապարակ, որտեղ երեկոյան ժամերին մարդիկ դուրս են գալիս զբոսանքի` շատրվաններով հիանում, քայլում Աղստեւ գետի ափին եւ այլն: Այնտեղ են նաեւ տեղի ունենում բոլոր համերգները, միջոցառումները:

Սակայն կիրակի օրը Փաշինյանի նախընտրական հավաքը տեղի է ունեցել ոչ թե Իջեւանի հրապարակում, այլ նախկին զինկոմիսարիատի հարեւանությամբ` բնակելի շենքերի արանքում: Իջեւանցիներն այդ տարածքը վերջին տարիներին անվանում են Կասկադ: Դա բավականին փոքր տարածք է, որը լցնելը բարդ չէ, դրա համար էլ այդ տեղանքն է ընտրվել, ոչ թե Իջեւանի գլխավոր հրապարակը: