Ինչպես հայտնի է, Ռուսաստանը հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակել է Հայաստանից թարմ խաղողի եւ կորիզավոր պտուղների առաքումները՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինների, ինչպես նաեւ՝ այդ ողջ արտադրանքի մատակարարումները ԵԱՏՄ մյուս երկրներ:
Հրապարակ թերթը գրել է․ Հայտարարել են, որ ԵԱՏՄ երկրների ֆիտոսանիտարական անվտանգությունը ռիսկի տակ է, եւ նման որոշում է ընդունվել ԵԱՏՄ երկրների ֆիտոսանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումների պատճառով, ինչպես նաեւ՝ «կարանտինային օբյեկտների հայտնաբերման» հետեւանքով: Այլ կերպ ասած՝ «Ռոսսելխոզնադզորը» մեր գյուղատնտեսական արտադրանքում վտանգավոր վնասատուներ կամ հիվանդություններ է բացահայտել, որոնք կարող են սպառնալ մարդկանց ու կենդանիների առողջությանը։
Հիշեցնենք, որ նախկինում էլ նմանատիպ սահմանափակումներ են մտցվել ծաղիկների, բանջարեղենի, ելակի, ձկնեղենի, ինչպես նաեւ՝ «Ջերմուկի», գինիների, հայկական երեք արտադրողների գինու ու կոնյակի նկատմամբ: Բայց պարզ է, որ ֆիտոսանիտարիան ոչ մի կապ չունի` սրանք բացառապես քաղաքական որոշումներ են: Այնպես որ, մեր գյուղացիներն արդեն հասցրել են ճաշակել Փաշինյանի եվրոպահաճո քաղաքականության դառը պտուղները։ Բայց ի՞նչ են զգում Ռուսաստանում ապրող հայերը, արդյո՞ք նրանց նկատմամբ էլ է փոխվել վերաբերմունքը:
Հարցն ուղղեցինք ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանին, որն ակտիվորեն մասնակցում է հայ համայնքում կազմակերպվող բոլոր միջոցառումներին եւ լայն կապեր ունի նաեւ ՌԴ պաշտոնյաների հետ: Նա ասաց, որ ՌԴ-ում, մասնավորաբար Մոսկվայում, դեռեւս արտառոց դեպքեր չեն գրանցվել, սակայն արդեն խստացվել են հայերեն փաստաթղթերի զննությունը, անձնագրային վերահսկողությունը: «Հայերի փաստաթղթերն ավելի ուշադիր են ստուգում: Աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ գրանցվելուց շատ ավելի մանրամասն ստուգումներ են իրականացվում, ինչը նախկինում չկար: Հայերի շրջանում խուճապային տրամադրություն կա: Մեզ շատ արագ են հասնում լուրերը, թե ինչ է կատարվում Հայաստանից Ռուսաստան ճանապարհներին: Ինձ, օրինակ, զանգում են մարդիկ եւ միամտաբար փորձում են ծանոթ մեջ գցել, որ ինչ-որ բեռ անցկացնեն, ինչը, իհարկե, անհնար է, ու խոսքի մեջ ասում են, որ շատ տխուր է իրավիճակը: Օրինակ, ելակի հարցով էին զանգել: Ասածս ակնհայտ է նաեւ, երբ ուսումնասիրում ես ՌԴ պաշտոնյաների սոցցանցերի էջերը:
Հայերի թողած մեկնաբանություններին հետեւելուց է երեւում այդ տրամադրությունը, խոսակցությունների մակարդակով: Մարդիկ դժգոհում են պետական մարմիններում գրանցման ընթացքում պասպորտ կոնտրոլի ժամանակ կիրառվող խստացումներից, այսինքն՝ հող է նախապատրաստվում, որ հետագայում այստեղ ապրող ՀՀ քաղաքացիներին էլ որոշ հարցերում սկսեն նեղել: Բայց առայժմ դա հսկողության խստացման տեսքով է երեւում: Բուն գործողությունների դեռ չեն անցել, բայց կա սպասում: Բոլորը հասկանում են, որ ինչպես ժամանակին վրացիներին էին նեղում, այնպես էլ իրենց այստեղ տխուր օրեր են սպասվում: Սա ակնհայտ է»,- ասում է Մարիամ Հովսեփյանը:
Հայերը դեռ չեն հասկանում, որ այն, ինչ իրենք բերում են Ռուսաստան, այս երկիրը հաջողությամբ կարող է ստանալ Ուզբեկստանից` ինչպես ծաղիկները, Կրասնոդարի երկրամասից՝ ինչպես միրգն ու բանջարեղենը: Կրասնոդարն ահռելի ծավալների միրգ, բանջարեղեն է առաքում Մոսկվա, իսկ մենք՝ հայաստանցիներս, անիմաստ կերպով փաստացի կորցնում ենք մեր առանցքային տնտեսական կապերը:
«Այստեղ չեն հասկանում, թե ինչպես կարելի է՝ մնալով որպես ԵԱՏՄ անդամ պետություն, ունենալով ԵԱՏՄ երկրի կարգավիճակ, դիտավորյալ առիթներ ստեղծես, որ քեզ սահմանափակեն, որ դու տույժեր կրես՝ դրանով հարվածելով սեփական քաղաքացու գրպանին, խեղճ գյուղացիներին»,- վրդովվում է Մարիամը:
Վստահ եմ, որ Դուք եւ մեր մյուս հայրենակիցները Մոսկվայում հետեւում եք մեր ընտրական գործընթացին, ի՞նչ տպավորություն ունեք ընդդիմության ու իշխանության այս քարոզչական պատերազմից։ Հարցին պատասխանելով՝ քաղաքագետը նշում է, որ տպավորություն ունի, թե երկու կողմն էլ չի հասկանում, թե ինչ աղետալի հետեւանքներ են լինելու, ու ինչ է սպասվում: «Երկու կողմն էլ իրենց անձնական տրամագծի վերաբերյալ են ավելի շատ մտածում: Ես տեսնում եմ, որ, որպես իշխանության այլընտրանք, ձեզ մոտ ընկալվում է Սամվել Կարապետյանը: Բայց, իմ կարծիքով, նրա մուտքը քաղաքականություն՝ որպես ազգային բարերարի, հայի, որպես ազգային արժեքները կրողի, Եկեղեցու պաշտպանի, ինչպիսին որ նրան հարգում ու ճանաչում են, պետք է լիներ ավելի հզոր ու ավելի պատրաստված: Նա ի զորու է հայերին սպասվող տնտեսական աղետից դուրս բերել, բայց տեսնում եմ, որ երկու կողմից էլ երգում են ու պարում, ուրախանում են ու ոնց որ չզգան այն աղետը, որ գալիս է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հետեւանքով»:
Այդ աղետը քաղաքագետը բնորոշում է որպես տնտեսական պատերազմ: «Պոպուլիզմի շնորհիվ մի անգամ սկսվեց պատերազմ, էս անգամ էլ տնտեսական պատերազմ է սկսվում, ու ողբերգությունն այն է, որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը ոչինչ չի կարողանում առաջարկել՝ այդ տնտեսական պատերազմը կանխելու համար»:

Բաց մի թողեք
Փորձում են մեկուսացնել ու շարքից հանել մեր ամենաուժեղ, ամենավառ ներկայացուցիչներին. Արեգա Հովսեփյան
Ինքն իր տված խոստումների հիմնական մասը չի կատարել, բնականաբար, սա էլ չի անելու. Տեր Վրթանես
Չարենցավանում ՔՊ-ականներն իրար փոր են թափում․ Լուսանկարներ