Դատավոր Արթուր Ստեփանյանի գործը շարունակում է մնալ դատական համակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը։ 2024 թվականի հուլիսին Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական վարույթի արդյունքում դադարեցրեց նրա լիազորությունները՝ արձանագրելով էական կարգապահական խախտում։
2025 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանն ի նպաստ Ստեփանյանի որոշում կայացրեց` եզրակացնելով, որ ԲԴԽ-ն խախտել է օրենքը, քանի որ «դատավորների լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ է ԲԴԽ անդամների ձայների որակյալ մեծամասնություն (ավելին քան 5 ձայն)», ինչն առկա չի եղել Ստեփանյանի հարցի քննության ժամանակ:
ՍԴ որոշումից հետո ԲԴԽ-ն վերացրեց իր նախկին որոշումը և նշանակեց նոր քննություն։ Սակայն, չնայած նախնական ակտի վերացմանը, Ստեփանյանի լիազորություններն այդ ընթացքում չվերականգնվեցին, և նա չվերադարձավ դատավորի պաշտոնին։
Ավելին` վերաքննության ավարտին նոր ԲԴԽ-ն կրկին նույն եզրակացությանը եկավ՝ նոր որոշմամբ դադարեցնելով նրա լիազորությունները, այս անգամ պահպանելով պրոցեսուալ կողմը։ Չբավարարվելով դատական համակարգի փայլուն դատավորներից մեկից «ազատելով», ԲԴԽ-ն, մեր տեղեկություններով, Ստեփանյանի դեմ նաեւ քաղաքացիական հայց է ներկայացրել՝ պահանջելով նախկին դատավորից բռնագանձել 1 միլիոն 50 հազար դրամ՝ որպես վճարված արձակուրդային գումար։
Արթուր Ստեփանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ այդ հայցի մասին։ Երբ ներկայացրինք ԲԴԽ-ի պահանջը, նշեց․ «Օրենքով սահմանված ինձ հասանելիք գումարները տրվել են, եւ ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ի կամ որեւէ մեկի հանդեպ չկատարված պարտավորվածություն ունեմ։ Մի քիչ անգամ զավեշտալի է` պետք է կարդամ, մի բան փաստ է, որ իմ լիազորությունները երբ դադարեցվեցին, ես արձակուրդում էի, եւ ՀՀ-ում էլ չէի։ Ստանամ, օրենքով սահմանված կարգով իմ իրավունքները կպաշտպանեմ»։
Հարցին, թե արձակուրդային գումար որքա՞ն է ստացել, պահանջում են այնքան, որքան ստացե՞լ է, թե՞ ավելի քիչ, Ստեփանյանն արձագանքեց․ «Իմ լիազորությունները դադարեցվեց 2 տարի առաջ, ես չեմ հիշում՝ ինչքան աշխատավարձ եմ ստացել, արձակուրդ ես գնում, հաշվապահները համապատասխան հաշվարկն են անում, որին ես չեմ տիրապետում։ Որ դատարան են դիմել, ես էլ կստանամ, դատարանն ինչպես կորոշի, այդպես էլ կկատարեմ»։


Բաց մի թողեք
Գետահովիտցին դատախազությանը դատի է տվել
Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականով գնացել Աննա Վարդապետյանի դուռը
Հայկական սցենարը