17/06/2026

EU – Armenia

Արմեն Սմբատյանը ստում էր

Մայիսի 10-ին ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեսանյութ էր նկարել այն մասին, թե ինչպես են բաշխվում մադատները, եւ փորձել էր մանիպուլացնել, թե քվեների փոշիացում չի լինում։

Հրապարակ թերթը գրել է․ «Նախ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդյունքները վերջնական ամփոփելուց հետո հաշվում է, թե որ ուժը քանի տոկոս ձայն է ստացել, ընդ որում՝ տոկոսը հաշվելիս հաշվի են առնվում բոլոր կողմ քվեարկած քվեաթերթիկները եւ անճշտությունների չափը: Անվավեր քվեաթերթիկները հաշվի չեն առնվում: Այն կուսակցությունը, որը ստացել է 4 տոկոս եւ ավելի, մինչեւ 3 կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է 8 եւ ավել տոկոս, եւ 4 եւ ավել կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է 10 եւ ավել տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած եւ մասնակցում են մանդատների բաշխմանը:

Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները: Եվ 101 նվազագույն մանդատը բաշխվում է այս կուսակցությունների եւ դաշինքների միջեւ, հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները՝ որպես հարյուր տոկոս… Այս բանաձեւի թյուրըմբռնման պատճառով կա այսպիսի միֆ, որ մնացած ձայները, մնացած կուսակցությունների ձայները, որոնք որ չեն հաղթահարում արգելապատնեշը, բաժանվում է արգելապատնեշը հաղթահարածների միջեւ: Չկա նման բան, եւ այդ՝ «փոշիացվում է» տերմինը պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից, որպեսզի դա մեզ չդեմոտիվացնի՝ գնալու քվեարկության: Ոչ մի ձայն, արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունների ոչ մի ձայն չի տրվում մեկ ուրիշին: Ավելին, կարող է լինել սցենար, երբ արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունները կամ դաշինքները եւս ստանան մանդատներ»,- նշել էր նա, որից հետո շատերը սկսեցին օգտագործել նրա խոսքը` ասելով. տեսա՞ք, որ փոշիացում չկա:

Սակայն դեռ այդ ժամանակ պարզ էր, որ Սմբատյանն ուղղակի ստել է, այն ուժերը, որոնք չեն հավաքել 4 տոկոս ձայն եւ չեն անցել խորհրդարան, փոշիացրել են ընտրողների ձայները, ինչը բացառապես ՔՊ-ի օգտին է: Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում խոսելով Սմբատյանի այդ կեղծ հայտարարության մասին, ասաց. «Ակնհայտ է, որ եթե քաղաքական ուժը չի հաղթահարում անցողիկ շեմը, կուսակցությունների համար` 4 տոկոսը, իսկ դաշինքի համար` 8 տոկոսը, ապա ձայները փոշիացվում են եւ, ըստ հարաբերակցության, բաժանվում են շեմը հաղթահարած կուսակցությունների միջեւ, իսկ ամենաշատ փոշիացված ձայները գնում են առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժին, տվյալ պարագայում` ՔՊ-ին: Մենք այժմ ունենք կատաստրոֆիկ իրավիճակ, նախ՝ անվավեր քվեաթերթիկների թիվն է շատ մեծ` 17 հազար: Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին անվավեր քվեաթերթիկների թիվը 4 հազար 500-ի սահմաններում էր, 2021-ին` 4 հազար 906, իսկ հիմա` 17 հազար: 230 հազար ձայն էլ այս ամենի ֆոնին փոշիացվեց: Սա աննախադեպ թիվ է, եւ դրա արդյունքում ՔՊ-ն 2-3 պատգամավորական մանդատ ավել է ունենալու: Ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքում այնպիսի կարգավորումներ են պետք, որոնք փոշիացված ձայների խնդիրը կկարգավորեն: Եթե ինչ-որ քաղաքացիներ, որոնց թիվը փոքր չէ, իրենց ձայնը տվել են այն ուժերին, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, դա չի նշանակում, որ այդ ձայները պետք է գնան այն կուսակցությանը, որին տվյալ ընտրողները դեմ են եղել, դա մեծ անարդարություն է: Ստացվում է, որ քաղաքացին չպետք է իր քաղաքական նախասիրություններով առաջնորդվի, հակառակ պարագայում իր քվեն կարող է գնալ իր համար ծայրահեղ անընդունելի ուժի օգտին: Ես չգիտեմ, թե ինչպես է այս խորհրդարանը ձեւավորվելու, եւ ինչպես է ընդդիմությունը նման տոքսիկ մթնոլորտում աշխատելու, արդեն իսկ ՔՊ-ականները սպառնում են, ձեռքերը շփելով հայտարարում, որ անհամբեր սպասում են ընդդիմությանը: Ընդդիմությունը, վստահաբար, վերցնելու է իր մանդատները, բայց ռացիոնալ քննարկում չի կարող այնտեղ լինել: 540 հազար քաղաքացիները, ի վերջո, ընդդիմությանը քվե չէին տվել՝ խորհրդարանում ինչ-որ հարցեր քննարկելու համար: Ինչ վերաբերում է Արմեն Սմբատյանի հայտարարությանը, ապա դա արվեց այն բանի համար, որպեսզի մարդիկ քվեարկեն այն ուժերի օգտին, որոնք ակնհայտորեն չեն հաղթահարելու անցողիկ շեմը, եւ նրանց քվեն գնալու է իշխանությանը: Իշխանությանը հենց այդ բոնուսը շնորհեց մի քանի մանդատ: Այդ հայտարարությունը տարակուսելի էր ինձ համար, ակնհայտ էր, որ ձայներ փոշիանալու էին, դրա նպատակը Նիկոլի օգտին ձայներ բերելն էր: Հենց սկզբից էլ երեւում էր, որ կան ուժեր, ովքեր եթե թռնեին պատալոկ, իջնեին ցած` անցողիկ շեմը չէին հաղթահարելու»: