18/06/2026

EU – Armenia

Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է

Հունիսի 7-ից հետո Հայաստանում ամենից նկատելի կերպով փոխվել է միայն այն, որ ընդդիմադիր լիդերների ու ոչ միայն լիդերների դեմ հաշվեհարդարի նախընտրական սպառնալիքները սահուն դարձան «հետընտրական սպառնալիքներ» ու քաղաքական հետապնդումներ:

«Փաստ» օրաթերթը գրում է. Գիտեք, Փաշինյանը կամ իր դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև Դավիթ Ղազինյանին՝ «Ուժեղ Հայաստանից», ու ևս երեք անձի անձեռնմխելիությունից զրկելու և նրանց դեմ քրեական վարույթ իրականացնելու թույլտվության համար: ԿԸՀ-ն, բնականաբար, բավարարեց միջնորդությունները: Ով էլ կասկածեր:

Բայց ինչն է հատկանշական. դատախազությունը և այլ «կից իրավապահ կառույցները» այնքան են խառնված, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները ամեն գնով կատարելու համար գնացել… 22 տարի առաջվա ինչ-որ գործարք և կառավարության որոշում են պեղել: Հասկանալի է՝ որպեսզի դա օգտագործեն Քոչարյանի դեմ: Այսինքն, բերել են մի բան, որի բոլոր հնարավոր վաղեմության ժամկետներն էլ են անցած, և որի մեջ կրիմինալ բովանդակություն էլ չկա, ինչպես նշում են փաստաբանները: Դատարկություն, էլի:

Ընդհանրապես, այս ամբողջ հակաիրավական «վակխանալիան» շատ ծիծաղելի կլիներ, եթե երկիրն ու հասարակությունը նման վիճակի մեջ չլինեին: Եվ այն, որ այս ամենը «փուչիկ աղմուկ» է, «շոու», մեկ անձի պատվեր, ամենից ուժեղ վկայում է հենց նույն Փաշինյանի երեկվա ծայրահեղ անհավասարակշիռ վիճակը՝ ջարդելու, ջախջախելու ու նման բաների մասին արտահայտություններով, մարդկանց փողոց ելնելու, հեղափոխություն անելու կոչերով (եթե համաձայն չեն իր հետ):

Եթե մարդիկ փողոց ելնեն էլ, ապա հաստատ ոչ Փաշինյանի կոչերով ու «բոլոր միջոցներով» ջարդուխուրդ անելու նրա սպառնալիքների պայմաններում: Մարդիկ «փողոց ելել» են՝ առնվազն 730 հազար մարդ գնացել և քվեարկությամբ մերժել է ՔՊ-ին: Այսինքն, կարծիքն արդեն ասել է, որի հետ պետք է հաշվի նստել: