29/06/2026

EU – Armenia

«ՆԶՊ» առարկան կփոխարինվի՞ «Անվտանգ կենսագործունեությամբ». ի՞նչ է նախատեսում նախագիծը

ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որոնք առաջարկվում է վերանայել 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան՝ այն ներդնելով արդեն 5-րդ դասարանից։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստությանը և սահմանափակ չափով է ձևավորում սովորողների կարողությունները բնական, տեխնածին, համաճարակային, տեղեկատվական և այլ արտակարգ իրավիճակներում գործելու համար։

Ուստի, ըստ ԿԳՄՍՆ-ի, առաջարկվում է վերանայել և արդիականացնել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը վերանայված հանրակրթության պետական չափորոշչին և կարողունակահեն կրթության սկզբունքներին, իրականացնել ուսումնական բովանդակության օպտիմալացում՝ նվազեցնելով կրկնվող և երկրորդական նյութի ծավալը և կենտրոնանալով առանցքային գիտելիքների ու կարողությունների ձևավորման վրա, ուժեղացնել միջառարկայական կապերը՝ ապահովելով գիտելիքների կիրառական և ինտեգրված բնույթը, վերակառուցել անվտանգության կրթության բաղադրիչը՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից ռիսկերի և մարտահրավերների պահանջներին, ներդնել «Անվտանգ կենսագործունեություն» առարկան՝ ապահովելով անվտանգության գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում՝ սկսած հիմնական դպրոցից և դրանց գործնական ամրապնդում ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների միջոցով։ Սակայն նախաձեռնությունն արդեն իսկ տարբեր արձագանքների առիթ է դարձել կրթության ոլորտում։