02/07/2026

EU – Armenia

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում. Լուսանկարներ

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հունական կրթական, գիտական և մշակութային համագործակցության ընդլայնման հեռանկարները, բուհերի միջև գործընկերային կապերի զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման և ակադեմիական համագործակցության խորացման հնարավորությունները։

Այնուհետև դեսպանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հանդես եկավ բաց դասախոսությամբ։

May be an image of one or more people, people studying and text

Տիգրան Մկրտչյանն անդրադարձավ հայ-հունական հարաբերությունների պատմական հիմքերին, երկու ժողովուրդների քաղաքակրթական ընդհանրություններին, Հայաստանի պատմական դերակատարությանը և երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական գործընկերությանը․ «Շուրջ երեք տասնամյակ է, ինչ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված համագործակցությունը, հատկապես վերջին տարիներին, պաշտպանության ոլորտում ստացել է ռազմավարական նշանակություն։ Այն չի սահմանափակվում միայն պաշտպանական համագործակցությամբ, այլ ընդգրկում է նաև ռազմական կրթության և վերապատրաստման ոլորտները, որոնք էական դեր ունեն զինված ուժերի կարողությունների զարգացման գործում»,-նշեց դեսպանը։

Նա ներկայացրեց նաև դեսպանության գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ կրթության և մշակույթի ոլորտներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայ-հունական համագործակցության օրակարգում։

No photo description available.

Դեսպանը կարևորեց մշակութային դիվանագիտության նշանակությունը՝ այն դիտարկելով որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման, վստահության և համագործակցության ամրապնդման կարևոր նախապայման։ Ապա խոսեց նաև կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնությունների, հայագիտական կենտրոնների գործունեության, ակադեմիական կապերի ընդլայնման, ինչպես նաև պատմաբանի մասնագիտության կարևորության մասին՝ ընդգծելով, որ պատմության խորքային իմացությունը յուրաքանչյուր դիվանագետի մասնագիտական կայացման կարևոր հիմքերից է։

Ուսանողներն ու դասախոսները դեսպանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։

May be an image of one or more people and text

Խոսելով դիվանագետի մասնագիտության մասին՝ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիական զարգացումները փոխել են աշխատանքի գործիքակազմը, սակայն չեն փոխարինել դիվանագետի առաքելությանը․«Այսօր հաճախ կարծիք է հնչում, թե տեղեկատվական դարաշրջանում դիվանագետի մասնագիտությունն այլևս արդիական չէ։ Սա սխալ պատկերացում է։ Տեխնոլոգիաները փոխում են աշխատանքի ձևերն ու գործիքները, սակայն չեն կարող փոխարինել մարդուն։ Դիվանագիտությունն առաջին հերթին մարդկային շփում է, տվյալ երկրի պատմությունը, մշակույթն ու մտածողությունը հասկանալու կարողություն, հակասությունները կանխարգելելու, համագործակցություն ձևավորելու և վստահություն ստեղծելու արվեստ։ Հայաստանը պետք է ունենա բարձրակարգ դիվանագիտական ծառայություն, իսկ դիվանագետի մասնագիտությունը պահանջում է գիտելիք, հետևողականություն, համբերատարություն և պատասխանատվություն»,-ընդգծեց նա։

Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց նաև իր մասնագիտական ուղին, խոսեց դիվանագիտական ծառայության առանձնահատկությունների մասին, հետաքրքիր մանրամասներ, ներառյալ 2016-2021 թվերին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում իր առաքելությունից։

May be an image of one or more people, dais and newsroom

Դեսպանը երիտասարդներին խորհուրդ տվեց խորապես ուսումնասիրել պատմությունը, տիրապետել օտար լեզուների և երբեք չդադարել սովորել։ Նրա խոսքով՝ կրթական գործընթացը երբեք չի ավարտվում, իսկ ինքնակրթությունը յուրաքանչյուր մարդու մասնագիտական և անձնական զարգացման կարևորագույն նախապայմանն է․ «Ինքնակրթությունն ամենակարևոր արժեքներից է, և յուրաքանչյուր մարդ պետք է լինի առաջին հերթին ինքն իր ամենախիստ քննադատը։ Ուժեղ պետություն և կայացած հասարակություն կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրն իր ամենօրյա կյանքում առաջնորդվում է շարունակաբար սովորելու, զարգանալու և պատասխանատվություն կրելու սկզբունքով։ Ամեն ինչ սկսվում է դպրոցից, սակայն կրթությունն ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում»,- նշեց դեսպանը։

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց հանդիպումը, նշելով, որ այն հնարավորություն տվեց ուսանողներին ավելի լավ պատկերացնել դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, ծանոթանալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և միջազգային հարաբերությունների արդի զարգացումներին։

May be an image of studying