Հայաստանն ու Միացյալ Նահանգները մեկնարկում են «ԹՐԻՓՓ» նախագծի գործնական փուլը Իշխանության գնահատմամբ՝ սա անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրերից է, որը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային հաղորդակցությունների, ներդրումների և Հայաստանի միջազգային կապակցվածության զարգացման համար։
Փաշինյանի խոսքով՝ ծրագիրը ոչ միայն տնտեսական առաջընթացի, այլ նաև Հայաստանի անվտանգության ամրապնդման կարևոր գործոն է լինելու։ Սակայն նախագծի մեկնարկին զուգահեռ տարածաշրջանից հնչող հայտարարությունները վկայում են, որ դրա շուրջ դեռևս բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ կան։
«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկին զուգահեռ Բաքվից հնչող հայտարարությունները ևս ուշադրության արժանի են։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «ԹՐԻՓՓ»-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, իսկ հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է նաև Իրանի դիրքորոշումը։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի սահմանի մոտ ցանկացած օտարերկրյա ռազմական և անվտանգության ուժերի ներկայությունն անընդունելի է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը Թեհրանին անհրաժեշտ հավաստիացումներ է տվել, սակայն Իրանը չի վստահում երրորդ կողմերին և ուշադիր հետևելու է իրադարձությունների զարգացմանը։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ Իրանի մտահոգությունները պայմանավորված են ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության և աշխարհաքաղաքական գործոններով։
«Իրանի համար խնդիրը հետևյալն է․ որքան էլ նախագիծը ներկայացվում է որպես հայ-ամերիկյան մեգանախագիծ՝ լոգիստիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակով, այնուհանդերձ, խոսքը նաև քաղաքացիական ենթակառուցվածքների մասին է։ Իրանի համար մտահոգիչ է, որ հայ-իրանական սահմանի՝ Արաքսի ափով անցնող հատվածում ամերիկյան մասնակցությամբ ենթակառուցվածքների առկայությունը կարող է հետախուզական ռիսկեր ստեղծել։ Իրենք մտավախություն ունեն, որ այդ հատվածում գործող որոշ կառույցներ կամ դրանց անվտանգության ապահովմամբ զբաղվող անձինք կարող են տեղեկատվություն փոխանցել Իրանի մասին»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Կարապետյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ Թեհրանը մտահոգված է նաև նրանով, որ վերահսկողության մեխանիզմները կարող են ազդել հայ-իրանական բնականոն առևտրաշրջանառության վրա՝ ստեղծելով լրացուցիչ վերահսկողություն Հայաստան մուտք գործող և Իրանից դուրս եկող բեռների նկատմամբ։
Կարապետյանի գնահատմամբ՝ Իրանի համար խնդիրը նաև Հայաստանի ինքնիշխանության հարցն է։ Թեհրանում կարող են մտավախություններ ունենալ, որ նախագծի կառավարման և անվտանգության մեխանիզմներում ամերիկյան կողմի նշանակալի դերակատարությունը կարող է սահմանափակել հայկական կողմի փաստացի վերահսկողությունը։
«Որքան էլ հայկական կողմը փորձում է տարբեր հիմնավորումներով փարատել Իրանի մտահոգությունները, դրանք շարունակում են մնալ։ Իրանը հաշվի է առնում նաև այն հնարավորությունը, որ տարածաշրջանում ամերիկա-իրանական հարաբերությունների սրման կամ ռազմական հակամարտության դեպքում Հայաստանը կարող է հայտնվել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում։ Թեհրանը չի ցանկանում, որ Հայաստանի տարածքը որևէ կերպ օգտագործվի իր դեմ հնարավոր գործողությունների համար»,- ընդգծեց միջազգայնագետը։
Մյուս կարևոր հանգամանքը Միջին միջանցքի զարգացումն է։ Եթե Կենտրոնական Ասիայից և Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, Իրանը և Ռուսաստանը կարող են դուրս մնալ այդ տարանցիկ գործընթացների մի մասից։
«Իրենց համար սա նաև տնտեսական մրցակցության հարց է։ Միջին միջանցքի տրամաբանությամբ՝ Կենտրոնական Ասիայից և Չինաստանից եկող բեռները կարող են անցնել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով՝ շրջանցելով Իրանը և Ռուսաստանը։ Հետևաբար Թեհրանի մտահոգությունները պետք է դիտարկել նաև այս համատեքստում»,- նշեց Կարապետյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ այս փուլում անորոշություններ կան ոչ միայն Իրանի, այլ նաև Հայաստանի համար։ Չնայած իշխանությունները խոսում են տնտեսական մեծ հնարավորությունների և ներդրումային ներհոսքի մասին, մի շարք էական հարցեր դեռևս հստակ պատասխանների կարիք ունեն։
«Հիմա մեզ համար էլ մտահոգություններ կան։ Եթե օբյեկտիվ և անաչառ վերլուծության ենթարկենք, ապա պետք է արձանագրենք, որ շատ բաներ դեռ չգիտենք։ Ովքե՞ր են լինելու կառուցապատող ընկերությունները, ովքե՞ր են աշխատելու այդ հսկայական մեգանախագծի վրա, ինչպե՞ս է կազմակերպվելու ֆինանսավորումը, և ինչպե՞ս է ապահովվելու դրա կառավարելիությունը։ Իշխանությունները ներկայացնում են, որ դրա արդյունքում բյուջե մեծ գումարներ կմտնեն, Հայաստանը կշահի, բայց կան նաև ֆինանսական հոսքերի վերահսկելիության հարցեր»,- ասաց նա։
Միջազգայնագետի խոսքով՝ առանցքային հարցերից է նաև սահմանային և մաքսային վերահսկողության մեխանիզմը։ Մասնավորապես, քննարկման առարկա է այն, թե գործնականում ինչպես են գործելու հսկիչ անցակետերը, ինչ դերակատարություն են ունենալու հայկական սահմանապահներն ու մաքսավորները, և ինչպիսին է լինելու նրանց շփումը քաղաքացիների և բեռների հետ։
«Չնայած հայտարարվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը պահպանվելու են, հսկիչ անցակետերի մասով որոշակի մտահոգություններ կան։ Ադրբեջանական կողմը պահանջում է, որ իր քաղաքացիների և բեռների տեղաշարժի ընթացքում հայ սահմանապահների ու մաքսավորների հետ անմիջական շփում չլինի։ Այս համատեքստում ներկայացվում է front office և back office մեխանիզմը, որը շատերի համար դեռևս անհասկանալի է։ Սրանք լուրջ հարցեր են, որոնց պատասխանները պետք է հստակ լինեն»,- եզրափակեց խոսքը Դավիթ Կարապետյանը։


Բաց մի թողեք
Մոսկվան երկխոսություն է սկսում Եվրոպայի հետ՝ հանուն խաղաղության․ նոր շրջադարձ
48 րոպեում հավանություն տվեցին չկարդացած Սահմանադրությանը․ Հայկ Մովսիսյան
ԵՄ-ն և Ինդոնեզիան պաշտոնապես ստորագրում են «հավակնոտ» առևտրային համաձայնագիր․ Լուսանկար