23/11/2026

EU – Armenia

Տաջիկստանը դուրս է գալիս ՄՔԴ-ից․ Պուտինին չէին ձերբակալել

Տաջիկստանը պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու մասին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական ծանուցումը ստանալուց մեկ տարի անց, այսինքն՝ 2027 թվականի նոյեմբերի 20-ին։

Տաջիկստանը ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 1998 թվականին և վավերացրել այն 2000 թվականին։ Փաստաթղթի համաձայն, ցանկացած մասնակից պետություն կարող է դուրս գալ ՄՔԴ կանոնադրությունից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցում ներկայացնելով։

Ավելի վաղ ԵՄ Արտաքին կապերի ծառայությունը հայտարարել էր, որ Տաջիկստանը չի կատարել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականի հոկտեմբերին պետական ​​այցով Դուշանբեում էր։

Հիշեցնենք՝ 2023 թվականի մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի առաջնորդի և երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի համար՝ ուկրաինացի երեխաների «անօրինական արտաքսման» մեղադրանքով։