04/07/2026

EU – Armenia

Ի՞նչ «խորք ունի իրանա-ադրբեջանական եղբայրությունը»

Իրանում սկսվել է նախկին Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավոորության պաշտոնական արարողությունը, որ կտևի մինչև հուլիսի 9-ը։

Նախօրեին The New York Times -ը, հղելով ամերիկյան նախկին և գործող պաշտոնյաների, սենսացիոն հրապարակում է արել, ըստ որի Իսրայելը «ծրագրել էր սպանել Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիին և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆին»։

Թերթը գրել է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն Իսրայելին համոզել է նման քայլի չգնալ, այլև «տարածաշրջանի դաշնակից երկրների միջոցով իսրայելական մտադրությունների մասին Իրանին զգուշացրել» են։ Խամենեիի հուղարկավորության հետ կապված՝ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին և «սիոնիստական վարչախմբին»՝ խուսափելու հնարավոր «բարդություններից»։

Ալի Խամենեիին սպանվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման առաջին օրը։ Չորս ամիս հետո նրա և ընտանիքի անդամների հուղարկավորության կազմակերպումը կարելի է ընկալել որպես «պատերազմի ավարտի խորհրդանշան»։

Իրանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող արարողությանը մասնակցելու համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թեհրան։ Կայացել է նրա և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարեւորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցությանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը»,- փոխանցել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հարավային Կովկասի երկրներից Իրանի նախկին Գերագույն հոգևոր առաջնորդի վերջին հրաժեշտի արարողությանը նման բարձր մակարդակով մասնակցել է միայն Հայաստանը։ Նախնական տեղեկությամբ Ալի Խամենեիի հուղարկավորության պաշտոնական արարողությանը Ադրբեջանը կներկայացնի Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան, նրա և իրանցի պաշտոնյաների հանդիպման մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Ուշագրավ է, որ Իրանը Բաքվում վերջերս կայացած ԻՀԿ երկրների խորհրդանական Միության նստաշրջանում ներկայացրել է խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Նա նաև առաձին հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ և հրապարակային փակել Իսրայելի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի գործողությունների թեման՝ հավաստելով, որ պատերազմի օրերին «Ադրբեջանը եղել է Իրանի կողքին»։

Իրանը և Ադրբեջանը ծրագրել են մոտ ապագայում Արաքսի վրայով ավտոմոբիլային կամրջի շահագործման պաշտոնական արարողություն կազմակերպել։

Այս համատեքստում, բայց և հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևը Ալի Խամենեիի հետ նաև անձնական մտերմություն է ունեցել, ինչի մասին նա խոսել է մարտի 4-ին Բաքվում ԻԻՀ դեսպանատուն այցի և ցավակցական գրառում կատարելու ընթացքում, բավական արտառոց է, որ Իրանի նախկին Գերագույն հոգևոր առաջնորդի վերջին հրաժեշտին Ադրբեջանի նախագահը չի մասնակցել։

Գուցե դա Իսրայելի հետ հարաբերությունների խորքո՞վ է պայմանավորված։ Հայտնի է, որ Ալիևը իսրայելա-ադրբեջանական ֆորմալ հարաբերությունները համեմատել է «այսբերգի վերջնային մասի» հետ։ Ի՞նչ «խորք ունի իրանա-ադրբեջանական եղբայրությունը»։