06/07/2026

EU – Armenia

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հուլիսի 6-ին հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա։

Ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR ընկերության բենզալցակայանի դեմ հուլիսի 5-ի երեկոյան իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ։

Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ սա առաջին նման դեպքը չէ։ Ըստ գերատեսչության՝ նախկինում Ուկրաինայում գտնվող SOCAR-ի այլ օբյեկտներ, այդ թվում՝ Օդեսայում գազաբաշխիչ կոմպրեսորային կայանն ու նավթաբազան նույնպես ենթարկվել են ռազմական հարվածների, ինչի հետևանքով զգալի նյութական վնաս է հասցվել, իսկ ընկերության աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ։

Ադրբեջանական կողմը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք ավիահարվածների հետևանքով վնասվել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան և Խարկովում պատվավոր հյուպատոսության շենքերը։ Ընդգծվել է դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների շենքերի պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունների պահպանման կարևորությունը՝ համաձայն Վիեննայի կոնվենցիաների։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին կոչ է արել իրականացնել նշված բոլոր դեպքերի համապարփակ քննություն, ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ և պահպանել քաղաքացիական ենթակառուցվածքների ու դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները։