«Սրբազան պայքարի» առաջնորդ, տևական ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո վերջերս կալանքից ազատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անդադառնալով հունիսի 11-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նրա արած դատողությանը, թե «Ընտրություններին ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։
Այս մասին տեղեկանում ենք datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքէջից, որտեղ Բագրատ Սրբազանի դիմումը մակագրված է Քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Թաշչյանին։
Իր հայցադիմումում Սրբազանը, որպես ընդդիմությանը ձայն տված և աջակցած ընտրող, դատարանից պահանջել է պարտադրել Փաշինյանին հերքել «իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները և պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին՝ դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքում տարածել Կառավարության և վարչապետի պաշտոնական կայքերում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակելով հետևյալ տեքստը. «ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 11.06.2026 թվականին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն ընտրություններին այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացի Վազգեն Պետրոսի Գալստանյանի նկատմամբ»։
Բագրատ Սրբազանը դատարանից որպես վնասի փոխհատուցում Փաշինյանից պահանջում է խորհրդանշական 49,7 ՀՀ դրամ վճարել՝ հստակ հասկացնելով, որ իր նպատակը այդ դատական հայցից ոչ թե նյութական օգուտն է, այլ իշխանական բարձր օղակներում զրպարտությանն ու կեղծիքին, ստին հակադրվելը, այդ արատավոր մշակույթն արմատախիլ անելը։
Փաշինյանը, որքան էլ կոկորդը պատռելով բղավում է, թե անխտիր սիրում է բոլորին, անկախ նրանից՝ ընդդիմություն են ընտրել, թե իշխանություն, գործնականում հակառակն է ապացուցում՝ ընդդիմությանը քվե տված և դրանով փաշինյանական ռեժիմը մերժած ՀՀ քաղաքացիներին անվանարկելով և նրանց ներկայացնելով որպես կաշառակեր, ծախված ու բարոյական սկզբունքներից զուրկ։ Նրա այդ հայտարարությունից հետո գնդակը ընդդիմությանն ընտրած քաղաքացիների դաշտում է, և վատ է, որ նրանցից միայն Բագրատ Սրբազանն է դատական հայցով արձագանքել Փաշինյանին։
Քաղաքացիական դատարանը տվյալ դեպքում առնվազն պետք է ողողված լիներ ընդդիմադիր քաղաքական գործիչների ու նրանց աջակիցների՝ Փաշինյանի դեմ դատական հայցերով և դառնար խմբային դատական վարույթի առարկա։ Փաշինյանը սիրում է որևէ մեկի հասցեին անհիմն պնդումներ հնչեցնելուց հետո հայտարարել, որ եթե իրեն դրա համար դատի չեն տվել, ուրեմն իր ասածը ճիշտ է։ Հենց այդպես է նա հիմնավորում, օրինակ, Վեհափառ Հայրապետի դեմ իր սևեռուն հայտարարությունը, թե նա զավակ ունի։ Քանիցս հանրայնորեն հայտարարել է՝ եթե ստում եմ, թող ինձ դատի տան։ Ու ընդդիմություն ընտրողների դեմ նրա զրպարտչական հայտարարությունները նա այսուհետ որպես ճշմարտություն կհրամցնի ու կշարունակի վարկաբեկել այդ մարդկանց, քանի դեռ դատական հայցերով նրա բերանը չեն փակել։ Պնդումները, թե Նիկոլի դատարանը միանշանակ նրա դեմ որոշումներ չի կայացնի և անիմաստ է այդ նպատակով ռեսուրս ու ժամանակ վատնելը, տեղին չեն, քանի որ ի վերջո դատական համակարգում կան նաև խիզախ դատավորներ, որոնց համար արդարությունը վեր է ամեն տեսակի վախից ու սպառնալիքից։

Բաց մի թողեք
Բաքվում հակառուսական թակարդներ են մշակվում
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան. Լուսանկար