Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում ներկա է գտնվել «չորրորդ գլոբալ մեդիաֆորումի» բացմանը և մասնակիցների առջև հանդես եկել ընդարձակ ելույթով, որից, թերևս, կարելի է առանձնացնել նրա մի քանի «խոստովանություն»։
Ալիևը առաջին հերթին ընդգծել է, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները «աշխարհում երկրորդ օրինակը չունեն» և շեշտել, որ 2021թ․ «Շուշիի հռչակագրի» ստորագրումից հետո երկու երկրները «ոչ միայն եղբայրներ, այլև դաշնակիցներ» են։
Այնուհետև նա առաջին անգամ հրապարակայնացրել է, որ Ադրբեջանի «հարավային և հյուսիսային սահմաններին պատերազմ» է՝ ակնհայտորեն նկատի ունենալով ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան զինված հակամարտությունները։
Նա, դարձյալ առաջին անգամ, հրապարակային հայտարարել է, որ Ուկրաինան «երբեք չպետք է հաշտվի օկուպացիայի հետ» և հավաստիացրել, որ Ադրբեջանը մշտապես սատարելու է նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Ալիևը ասել է, որ Ադրբեջանը իսլամական համերաշխության կողմնակից է, բայց, ցավոք, ավելի հաճախ «ականատես է լինում անհիմն քննադատությունների»։ Իրանա-ադրբեջանական հարաբերություններում, երևում է, «ընդհանուր հայտարար չի գտնվել»։
Ալիևը փաստացի հասկացրել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հաշտության կողմնակից է, բայց պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը չի պաշտպանում և չի պաշտպանի։
Ըստ երևույթին, այդ «բացահայտումը» նա արել է՝ տուրք տալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Ալիևը մի քանի անգամ շեշտել է, որ, ի տարբերություն Բայդենի, Թրամփը «խաղաղության կողմնակից» է։
Այս համատեքստում նա դարձյալ խոսել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման «անարդարացիության» մասին, շեշտել, որ «հակադրբեջանական» այդ ուղղումը ընդունվել է նաև Ջո Բայդենի շնորհիվ, ով 1992թ․-ին դեմոկրատական սենատոր էր։
Կարելի է չկասկածել, որ Ալիևը այդ կարևորագույն խնդիրը դիտարկում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների «փաթեթում»։ Նրա տրամաբանությամբ, եթե Թուրքիան և Ադրբեջանը «ոչ միայն եղբայր, այլև դաշնակից» են, ապա Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկումը պետք է վերաբերվի նաև 907-րդ ուղղմանը։
Պետք է կարևորել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված այդ օրենքը Ադրբեջանին ճանաչում է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմող և Հայաստանը շրջափակման ենթարկող երկիր, որ չի կարող լինել Միացյալ Նահանգների դաշնակից։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «համապատասխանում է միջին երկրի չափանիշներին»։ Դա, ինչ խոսք, ոչ մի առումով իրականությանը չհամապատասխանող գնահատական է, բայց բացահայտում է նրա նպատակը՝ սեղմված լինելով Իրանի և Ռուսաստանի միջև, հասնել ԱՄՆ հետ ռազմավարական դաշնակցության և երաշխավորել Ադրբեջանի երկարաժամկետ անվտանգությունը։
Ի՞նչ հակակշիռներ կամ հավասարակշռումներ ունի, կարող է ձեռք բերել Հայաստանը, առաջիկա տարիների գերխնդիրն է։ Առայժմ կարելի է փաստել, որ հուլիսի 13-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների «կարմիր գիծը հատել» է։ Ուկրաինայում Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է։

Բաց մի թողեք
«Մուհամեդի ումմա կազմավորելու» համար Էրդողանը կհրավիրի նաև Ալիևին
Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ՀՀ-ի ԵՄ-ին միանալու մտադրության վերաբերյալ
Նախկին նախագահներից ոչ մեկը չի համարձակվել խոսել անկլավների մասին