22/07/2026

EU – Armenia

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «նոր թեժ կետ կհայտնվի»

Հյուսիսային Կորեան կշարունակի «լիակատար աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը»։

Հուլիսի 21-ին այդ մասին հայտարարել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին, փոխանցել է «Դոյչե վելլեի» ռուսական ծառայությունը։ Նրա խոսքերով, Մոսկվան «փոխադարձաբար վստահեցրել է, որ լիովին կաջակցի ԿԺԴՀ ազգային ինքնիշխանության պաշտպանությանը»։

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը Մոսկվա է ժամանել նախօրեին և ոչ միայն ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցություններ է վարել, այլև փակ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նա երախտագիտություն է հայտնել «Կուրսկի պաշտպանության ժամանակ կորեացի զինվորականների աջակցության համար» և վստահեցրել, որ Ռուսաստանում «նրանց սխրանքը երբեք չի մոռացվի»։

Ռուսաստանի նախագահ Պուտինը երկու տարի առաջ՝ 2024թ․ հունիսի 18-19-ին պետական այցով գտնվել է Հյուսիսային Կորեայում, որի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններից հետո կողմերը ստորագրել են ռազմավարական գործընկերության պայմանագիր։

Այն նախատեսում է նաև ռազմական փոխադարձ օգնություն։ ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հինի Մոսկվա այցը և արդյունքների մասին նրա հայտարարությունը վկայում է, որ Մոսկվան և Փհենյանը պայմանագրային պարտավորություններին իրենց հավատարմությունը փոխադարձաբար վերահաստատել են։

Մոսկվա-Փհենյան ռազմավարական դաշինքի վերահաստատումը տեղի է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «տնտեսական և քաղաքական հետաքրքրություններին» նվիրված՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստից մի քանի օր հետո։

Ամենայն հավանականությամբ, նույն համատեքստում պետք է գնահատել Ճապոնիայի և Հարավային Կորեայի «միլիտարիստական նկրտումների» մասին ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովի հայտարարությունը։

Նույն օրը ՌԴ արտգործնախարար Լավրովը ժամանել է Մանիլա, որտեղ կմասնակցի ASEAN-ի նախարարական խորհրդաժողովին և «մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա»։

Ուշագրավ է, որ հուլիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը մամուլի ասուլիս է հրավիրել և երկու կարեւոր հայտարարություն արել։ Նախ, նա վերահաստատել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների «զինված ուժերի տեղաբաշխումը Ռուսաստանի համար բացարձակապես անընդունելի» է, ինչպես նաև բացահայտել, որ Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բըրհեմնի հետ «շփումների ծրագիր Մոսկվան չունի»։

Ռուսաստանը, այսպիսով, ևս մեկ անգամ բացահայտել է, որ ուկրաինական ռազմաճակատում հրադադար հաստատելու և բանակցություններ սկսելու մտադրություն չունի։ Անհավանական չէ, որ տեսանելի ապագայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «նոր թեժ կետ հայտնվի»։