10/08/2026

EU – Armenia

Համալսարանից որ դուրս ես մնացել, քեզ թոշակ տվե՞լ են․․․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության, վերահաստատեց ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հնչեցրած միտքը՝ Փաշինյանը պետք է հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնի, որպեսզի պարզ լինի՝ Հայաստանը ո՞ր ուղղությամբ է գնում։

Հրապարակ թերթը գրել է․ Սա պարզապես հարց չէր։ Դրա մեջ շատ նուրբ, բայց հասկանալի ակնարկ կար․ մենք գիտենք, թե դու՝ Փաշինյան, որ ուղղությամբ ես գնում, բայց ուզում ենք հասկանալ՝ Հայաստանը որ ուղղությամբ է գնում։

Կարծում եմ՝ այստեղ խոսքը ընդունելության քննության մասին չէր։ Սա բավական լուրջ քաղաքական հարցադրում էր՝ հիմնված Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների գործողությունների ու քաղաքականության վրա։

Բայց Փաշինյանը պատասխանեց ոչ թե պետական գործչի, այլ մի դիմորդի նման, որը դեռ չի կողմնորոշվել՝ ո՞ր համալսարան է ուզում ընդունվել։

Ասում է՝ ինքը ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, հետևաբար նման հանրաքվե անցկացնելն անհնար է և բովանդակազուրկ։ Սա արդեն ուսանողի տրամաբանություն է։

Պատկերացնենք՝ մեկը համալսարան է ընդունվել, դասերի չի գնում, քննությունների չի մասնակցում, համալսարանից դուրս է մնում, բայց հետո պահանջում է՝ «Իսկ թոշակս որտե՞ղ է»։ Նույն պատմությունն է այստեղ։

Իր ամբողջ գործելակերպով Փաշինյանը Հայաստանը հեռացնում է ԵԱՏՄ-ից, հասարակությանը նախապատրաստում է դեպի ԵՄ գնալու գաղափարին, բայց միաժամանակ ասում է՝ «Ես ձեզանից չեմ բաժանվում»։

Դե լավ։ Ուզում եմ մի պարզ հարց տալ Նիկոլ Փաշինյանին․ Համալսարանից, որ դուրս ես մնացել, քեզ թոշակ տվե՞լ են։ Եթե չեն տվել, ապա ԵԱՏՄ-ից ինչո՞ւ ես թոշակ ուզում։

Դասերին չես գնում, չես սովորում, քննություն չես հանձնում, համալսարանից էլ դուրս ես մնում, բայց թոշակ ես պահանջում։

Քաղաքականության մեջ էլ նույն կանոնն է գործում․ չի կարելի մի տեղից դուրս գալ, բայց այդ նույն տեղից շարունակել պահանջել այն, ինչ ստանում էին ներսում մնալու ժամանակ։

Իսկ եթե իսկապես որոշել ես գնալ ԵՄ, գոնե մի անգամ հստակ ասա՝ ո՞ր համալսարանն ես ընտրել, ո՞ր ֆակուլտետն ես գնում և, ամենակարևորը՝ ընդունելության քննությունը ո՞վ է հանձնելու՝ դու՞, թե՞ Հայաստանի ժողովուրդը։