Վանաձորի մայր թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակն ի ցույց է դնում, թե ինչպես են պետական կառույցները հանրությանը ներկայացնում քաղաքաշինական ծրագրերը։
Հրապարակ թերթը գրել է․ Ինչո՞ւ են օրենքով նախատեսված ընթացակարգերը կազմակերպվում այնպես, որ դրանցից հետո ավելի շատ հարց է առաջանում, քան՝ պատասխան։ Աբելյան թատրոնը եւս մեկ օրինակ է, թե ինչպես են երկրում որոշվում պատմական շենքերի, հանրային տարածքների ու մշակութային կառույցների ճակատագրերը։

Վանաձորում վերջին ամիսներին շատերն են մտահոգված՝ ինչո՞ւ են քանդում Աբելյանի անվան թատրոնի շենքը։ Տարածվել են նոր շենքի ռենդերները (համակարգչային պատկերը, որը ցույց է տալիս, թե ինչ տեսք կունենա կառուցումից հետո): Կան մարդիկ, որ կատակում են․ «Վանաձորը մտնում է համաշխարհային ճարտարապետության նոր փուլ»։ Քաղաքացի Արեգ Շեկոյանը հրապարակային մտահոգություն է հայտնում. «Ո՞րն է ճարտարապետական գաղափարը, որն արժեք է ունենալու։ Վանաձորը կարող էր թատրոն հիմնանորոգել, որն էլի մնար քաղաքի այցեքարտը, բայց փոխարենը ստացվել է էն տիպի շենք, որը նույն հաջողությամբ կարող ես պատկերացնել որպես բիզնես կենտրոն, հյուրանոց կամ սուպերմարկետ»։ Հանրային տարակարծությունը չպետք է ներկայացնել որպես «լավ գործին» դիմադրելու կամ հին շենքին կուրորեն կառչելու ցանկություն։ Ոչ ոք ժամանակակից թատրոն ունենալուն դեմ չէ։ Բայց պե՞տք է նոր թատրոն կառուցելու համար ոչնչացնել այն շենքը, որը տասնամյակներով եղել է քաղաքի մշակութային կյանքի մասնիկը։ Իսկ եթե պետք է, որտե՞ղ են այն փաստաթղթերը, մասնագիտական եզրակացություններն ու հաշվարկները, որոնք համոզիչ ցույց կտան, որ այլ ճանապարհ պարզապես չկա։
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչ Մասիս Աղայանցը հրապարակայնորեն հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությանը դիմել են հին շենքի հետ կապված եւ ստացել պատասխան, ըստ որի՝ շենքը կարող է քանդվել, սակայն ճակատը պետք է նույնությամբ վերականգնվի։ Իսկ պատմական ճակատը եւ պատմական շենքը պահպանելը նույն բանը չեն։

Վանաձորի մայր թատրոնը հիմնադրվել է 1931 թվականին։ Այն հանրապետության առաջին պետական թատրոններից է, որը դարձել է ոչ միայն Լոռու, այլեւ ողջ հանրապետության թատերական կենտրոններից մեկը։ Շենքը քաղաքի մշակութային հիշողության նյութական մասն է։ Ու երբ ասում են՝ «ճակատը կպահպանենք», հարց է առաջանում՝ միայն ճակա՞տն է թատրոնի արժեքը։ Հին շենքի խնդիրները ոչ ոք չի կարող հորինվածք համարել։ Նոր թատրոնի նախագիծը նախատեսում է լուծումներ, որոնք հին շենքում դժվար թե հնարավոր լինի պահպանել՝ մեծ եւ փոքր դահլիճներ, պտտվող բեմ, գրիմանոցներ, հանդերձարաններ, հանգստի սենյակներ եւ այլն։
Բայց հենց այստեղ սկսվում է ամենակարեւոր հարցը՝ ինչո՞ւ է նոր թատրոնի կառուցման նախապայմանը հին թատրոնի ամբողջական քանդումը։ Մասնագետների հավաստմամբ՝ շենքի ճակատը գնահատվել է որպես ճարտարապետական արժեք, իսկ ԿԳՄՍ նախարարությունը տվել է համաձայնություն, որ շենքը կարելի է քանդել՝ ճակատը նույնությամբ պահպանելու պայմանով։ Այսինքն՝ ունենք պետական մարմնի դիրքորոշում։ Բայց ունենք նաեւ հանրության նույնքան հստակ հարցը․ որտե՞ղ է այն ամբողջական փաստաթուղթը, որը ցույց է տալիս, թե ինչու հին շենքը հնարավոր չէ պահպանել։ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը հայտարարել է, որ գործող շենքի վերակառուցումը նպատակահարմար չէ, սեյսմիկ գնահատմամբ այն ավելի թանկ է, քան նոր շենքի կառուցումը։ Բայց ո՞վ է տեսել այդ ուսումնասիրությունը։ Բաց աղբյուրներից հայտնաբերեցի գնումների պլանում նախատեսված 300 հազար դրամի «սեյսմիկ ծառայության» հետքը։ Մինչդեռ հասանելի չէ սեյսմիկ եզրակացությունը՝ ուսումնասիրությունն իրականացրած մասնագետի, մեթոդաբանության, շենքի տեխնիկական վիճակի եւ տարբերակների արժեքային համեմատության տվյալներով։ Եթե «պահպանելն ավելի թանկ է, քան նորը կառուցելը» որոշման հիմնավորումներից մեկն է, ինչո՞ւ հանրությունը չի տեսնում այդ համեմատական թվերը։ Որքա՞ն է գործող շենքի ամրացման արժեքը, որքա՞ն՝ ամբողջական վերականգնմանը, որքա՞ն՝ նոր շենքինը։ Ի՞նչ ժամկետներ են համեմատվել։ Եթե այս հարցերի պատասխանները կան, հրապարակելը ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ անհրաժեշտ:
«Ամենահետաքրքիր» հակասությունը
2025թ. Վանաձորի համայնքապետարանում տեղի է ունեցել հանրային քննարկում, թատրոնի աշխատակիցները մտահոգություն են հայտնել նախագծի վերաբերյալ։ Հետագայում ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) շրջանակում շարունակվել են հանրային լսումները: Բայց մի կարեւոր հարց «մտատանջում» է մեզ՝ եթե նոր շենք կառուցելու որոշումն ընդունված էր, լսումների ժամանակ քաղաքացին ո՞ր որոշման վրա կարող էր ազդել։ Նոր շենքի արտաքին տեսքի՞, շինարարական լուծումների՞, թե՞ ամենակարեւոր հարցի՝ քանդե՞լ գործող շենքը, թե՞ պահպանել այն։ Հանրային լսումը չպետք է վերածվի արդեն կայացված որոշման մասին հանրությանը տեղեկացնելու միջոցի։ Եթե սկզբունքային որոշումն արդեն կայացված էր մասնագիտական նախնական ուսումնասիրությունների արդյունքում, հանրությունը պետք է հասկանար՝ ինչ փուլում եւ ինչ հարցի շուրջ է իր մասնակցությունն ազդեցիկ։ Հակառակ դեպքում՝ ձեւականորեն լսում կա, բայց քաղաքացին իրեն «լսված» չի զգում։ Թատրոնի հանրույթը նոր շենք ունենալու գաղափարին դրական վերաբերմունք է հայտնել, միաժամանակ խոսել է հին շենքի կոլորիտի, թատերական պահանջների, ակուստիկայի պահպանման մասին (տնօրեն Լուսինե Սահակյան, դերասան Էլֆիկ Զոհրաբյան): Ընդունելի է, որ պետք է մասնագիտական հիմնավորում լինի, եւ նոր շենքը պետք է ոչ միայն գեղեցիկ երեւա ռենդերի վրա, այլեւ «աշխատի» որպես թատրոն։
Իսկ հրապարա՞կը
Թատրոնի հարակից հրապարակը եւ փողոցները վերանորոգվել են։ Սալիկապատման, լուսավորության եւ այլ աշխատանքների վրա ծախսվել է 162 մլն դրամ։ Եթե թատրոնի շենքը քանդվելու է, ի՞նչ է լինելու այդ ներդրման հետ։ Եթե թատրոնի շենքի կառուցման ծրագիրն արդեն գոյություն ուներ, ապա ինչո՞ւ հրապարակը վերանորոգվեց մինչ շենքի կառուցումը, ի՞նչ կապ ուներ այդ ներդրումն ապագա թատրոնի նախագծի հետ, եւ արդյո՞ք նոր շինարարությունը պահանջելու է նոր ծախսեր։ Հասարակությանը հաշվետվողականության հարցն էլ է կարեւոր։ Ոչ մի ներդրում չպետք է դառնա «շան փայ»։
Իսկ Հայաստանում շենքերի, հրապարակների, մշակութային օջախների եւ հանրային տարածքների ճակատագրի մասին առկա տեղեկատվությունը մեզ լավ բան չի հուշում։ Երբ պետական մարմինը որոշում է վերակառուցել, քանդել կամ նորով փոխել որեւէ կառույց, մարդկանց բնական հարցը չպետք է դիտվի որպես խոչընդոտ։ Հասարակական կարծիքը պետական որոշման հակառակորդ չէ։ Մենք պետք է իմանանք՝ ով է ուսումնասիրել, ինչ տարբերակներ են եղել, ինչու է մեկը մերժվել, մյուսը՝ ընտրվել, ինչ փաստաթղթով է տրվել թույլտվությունը, ինչ առաջարկներ է արել հանրությունը: Սա պետության համար ավելորդ ծանրաբեռնվածություն չէ, այլ պետության նկատմամբ վստահություն ստեղծելու ճանապարհ։
Քանդելուց առաջ՝ վերջին «անմեղ» հարցերը
Ժամանակը շատ կարեւոր է։ Գուցե վաղը մեր հարցերն ուշ լինեն, ուստի մինչեւ պատմական շենքի նկատմամբ անդառնալի գործողություն կատարելը, լիարժեք պատասխաններ են հարկավոր. որտե՞ղ է սեյսմիկ եզրակացությունը։ Որտեղ են գործող շենքի պահպանման եւ վերականգնման տարբերակների մասնագիտական հաշվարկները։ Որքան է լինելու ոչ միայն նոր շենքի, այլեւ ամբողջ ծրագրի իրական արժեքը։ Ինչ երաշխիք կա, որ նոր թատրոնն իսկապես լինելու է թատրոն, ոչ թե պարզապես գեղեցիկ նորակառույց: Եվ գուցե ամենակարեւոր հարցը. եթե վաղը պարզվի, որ հին շենքը կարելի էր պահպանել համապատասխան տեխնիկական լուծումներով, ո՞վ է պատասխան տալու այն կորցնելու եւ անտեղի ծախսերի համար։
Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը կարող է ունենալ նոր տուն։ Բայց նոր տուն կառուցելու ճանապարհին պետությունը պարտավոր է համոզել քաղաքացուն, որ հինը քանդելն իսկապես անհրաժեշտ էր։ Ոչ թե խոսքով, այլ՝ փաստաթղթերով։ Եվ անպայման կենտրոնում պետք է լինի այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր քաղաքների հիշողությանը, հանրային ֆինանսներին եւ քաղաքացու՝ տեղեկացված ու մասնակից լինելու իրավունքին։


Բաց մի թողեք
Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել
Արաբկիրի թաղապետն ու ստվերային թաղապետը․ Լուսանկար
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել