18/08/2026

EU – Armenia

Մերձավորարևելյան «պատմական հաշտության» հեռանկարը շարունակում է մնալ որպես զուտ տեսական հնարավորություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «չորս ժամ բարդ բանակցություններ է վարել» ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների, անցյալ տարի Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի նախագահ Նիկոլայ Մլադենովի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ։

Այդ մասին, հղելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է The Jerusalem Post-ը։ Ըստ այդմ, «Իսրայելը մեկ միլիմետր իսկ չի զիջել․ Գազայում ոչ մի վերականգնում չի լինի, մինչև արգելված ՀԱՄԱՍ-ը այդ ամբողջ տարածքում լիովին չզինաթափվի»։

Իսրայելական բանակը, ընդսմին «դեղին գծից» չի նահանջի, կմնա «ընթացիկ պատրաստության մեջ և կշարունակի զսպման քաղաքականություն իրականացնել»։ Ըստ իսրայելական պարբերականի, Նաթանյահուն որպես լիցքաթափման առաջին քայլ ընդգծել է ՀԱՄԱՍ-ից առգրաված զենքերը «ոչնչացման նպատակով ամերիկյան կողմի հսկողությանը հանձնելու անհրաժեշտությունը»։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը, Խաղաղության խորհրդի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը Երուսաղեմ են մեկնել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Իսրայելի կառավարությունը մերժել է Գազայի կարգավորման երկրորդ փուլի տասնհինգ կետից բաղկացած նախագիծը։

The Jerusalem Post-ի հրապարակումից հստակ հասկացվում է, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն կոշտ գծից չի նահանջել։ Իսրայելական լրատվամիջոցը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Նաթանյահուն ամերիկյան կողմին և մյուս «գործընկերներին ՀԱՄԱՍ-ի գործունեության և Թուրքիայից նրան հատկացվող ֆինանսական հոսքերի մասին մանրամասն տվյալներ է ներկայացրել»։

Անցյալ շաբաթ Թուրքիան և արաբական մի քանի երկրներ համատեղ հայտարարություն են տարածել և պահանջել, որ Իսրայելը «անհապաղ ձեռնամուխ լինի Գազայի կարգավորման երկրորդ փուլի ծրագրի իրականացմանը»։

Ըստ երևույթին, Նաթանյահուն ԱՄՆ նախագահի փեսա և նրա հատուկ ներկայացուցիչ Քուշներին փորձել է համոզել, որ Գազայի հարցում Թուրքիան «ոչ թե միջնորդ է, այլ՝ ներգրավված և շահագրգիռ կողմ»։

Իսրայելի և Թոուրքիայի միջև «տարաձայնությունները» բացահայտվել են անցյալ տարի, երբ Նաթանյահուի կառավարությունը կտրուկ մերծել է այսպես կոչված՝ «միջազգային կայունացնող ուժերի» կազմում Գազա թուրք զինվորականների մուտքի հնարավորությունը։ Փաստացի օգոստոսի 17-ին Նաթանյահուն կասկածի տակ է առել իսրայելա-պաղեստինյան կարգավորմանը Թուրքիայի միջնորդությունը։

Իրանի դեմ պատերազմի պատճառով արաբական աշխարհում ԱՄՆ նախագահի հեղինակությունը զգալիորեն տուժել է, հանգամանք, որ Թուրքիան ձգտում է օգտագործել և տարածաշրջանը «առնել միասնական պաշտպանության» հովանու տակ։

Ըստ երևույթին, մերձավորարևելյան «պատմական հաշտության» հեռանկարը շարունակում է մնալ որպես զուտ տեսական հնարավորություն։ Իսկ ԱՄՆ նախագահի ձևավորած Խաղաղության խորհրդի լիազորությունները ե՞րբ ուժի մեջ կմտնեն, ոչ միայն հայտնի չէ, այլև անգամ կանխատեսման չի տրվում։