«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է:
– 9-րդ գումարման խորհրդարանը, կարծես, չափազանց շատ է քննադատվում, միայն համացանցում լրատվամիջոցների մեկնաբանությունների բաժնում իրական օգտատերերի մեկնաբանությունները բավական են հասկանալու համար, որ հանրությունն առավել, քան երբեւէ, հիասթափված է նոր խորհրդարանից: Եվ առհասարակ տպավորություն է, որ նոր խորհրդարանում անփորձ կադրերի պակաս չկա: Հայտնվել են մարդիկ, ովքեր ոչ մի հետագիծ չունեն, անփորձ են չափից ավելի, երբեմն տարրական գիտելիքներ ու իրենց պահելու կուլտուրա չունեն: ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները նույնպես բավականին անփորձ են, իսկ ինչն առավել մտահոգիչ է` մասնագիտական տեսանկյունից ոչ մի աղերս չունեն տվյալ ոլորտների հետ: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:
– Անկեղծ ասած, ընդդիմադիրների մասին կարծիքս բացասական չէ: Օրինակ, նույն Արեգա Հովսեփյանը, որը Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է, կարծում եմ, որ պարտադիր չէ առանձնապես, որ պրոֆեսիոնալ կրթություն ունենա հատուկ այդ հանձնաժողովի համար: Այս հանձնաժողովում կարող են լինել դիվանագետներ, պատմաբաններ, քաղաքագետներ եւ այլն: Ինձ ավելի շատ մտահոգում է առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Լուլուն, նույն ինքը՝ Լուսինե Բադալյանը, որը մասնագիտությամբ արվեստաբան է, աշխատել է որպես հաղորդավար, ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, սակայն վերջին տարիներին Բժշկական համալսարանի օրդինատուրայում է սովորում: Հիմա հարց` 42 տարեկան կնոջը Արմեն Մուրադյանի ղեկավարած բուհն ինչպե՞ս է մասնագիտական կարգավիճակ տրամադրելու: Նա չունի բազային կրթություն, հասկանո՞ւմ եք: Նա ո՛չ կենսաքիմիայի ֆակուլտետն է ավարտել, ո՛չ դեղագործության բաժինն է ավարտել, նա ինչպե՞ս է ընդունվել բժշկականի օրդինատուրան: Այդ կինը վաղը, փաստորեն, բժշկական ոլորտի մարդկանց հետ պետք է հարցեր քննարկի, բայց ինչպե՞ս: Հաջորդ թեկնածուն Վիլեն Գաբրիելյանն է: Մարդ, որը մասնագիտությամբ դեղագործ է, ի՞նչ կապ կարող է ունենալ պաշտպանության հանձնաժողովի հետ: Դեռ մի կողմ թողնենք նրա անձի շուրջ քննարկվող սկանդալները, միայն խոսում ենք պրոֆեսիոնալիզմի մասին: Ի՞նչ կապ ունի Վիլեն Գաբրիելյանը երկրի անվտանգության հետ: Ո՛չ զինվորական է եղել, ո՛չ մարտական ուղի է անցել, ո՛չ զինվորական բուհ է ավարտել, նա անգամ այդ ոլորտում վերապատրաստման դասընթացներ չի անցել: Չեմ ուզում հիշել Արուսյակ Ջուլհակյանի «մաստեր կլասս»-ը: Մարդուն պարզ հարց տվեց նախկին փաստաբան Հարություն Հարությունյանը, եւ այդ պարզ հարցին տրվեց խայտառակ անգրագետ պատասխան: Վարշավայում սովորած կինը նույնիսկ պրիմիտիվ իրավական գիտելիքների մասին չունի պատկերացում:
– Այսինքն` կարո՞ղ ենք արձանագրել, որ ունենք բավականին թույլ խորհրդարան, որտեղ ոչ միայն ԱԺ ղեկավար կազմի նշաձողն է չափազանց ընկել, այլեւ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներն են անպատրաստ եւ ոչ կոմպետենտ:
– Ունենք խայտառակ կառավարման համակարգ: Ընդդիմության ոչ պրոֆեսիոնալ ներկայացուցիչներին ես դրական չեմ ընդունում, սակայն գիտակցում եմ, որ նրանցից շատ բան կախված չէ, ես կասեի` ոչինչ կախված չէ, իսկ մեծամասնությունը Նիկոլի թայֆան է: Նրանք են որոշումներ կայացնողները:

Բաց մի թողեք
Աբսուրդի երկիր է դառել Հայաստանս
Ես հայ եմ, բայց մոլոկաններն ատամներով ինձ պահում են
Հիմնանորոգված փողոցի հենապատը եւ սալիկապատված մայթը քանդվել են (լուսանկարներ եւ տեսանյութ)