Բագրատ Սրբազանն անդրադարձել է Ազգային ժողովում ընդդիմության գործունեությանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է աջակցել խորհրդարանական ընդդիմությանը։
Ասուլիսի ժամանակ նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորել է ավելի ակտիվ գործել և քաղաքական պայքարում պահպանել բարեկրթության սկզբունքը։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմության ներկայացուցիչները պետք է ոչ թե սահմանափակվեն հայտարարություններով, այլ իրենց գործողություններով ցույց տան, թե ինչպես են պատկերացնում արդյունավետ քաղաքական գործունեությունը։
Միաժամանակ Սրբազանը քննադատել է իշխանական խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները՝ դրանք բնութագրելով որպես կեղծ և իրականությանը չհամապատասխանող։
Նա հատկապես անընդունելի է համարել խորհրդարանի ամբիոնից հոգևորականների հասցեին հնչող վիրավորական համեմատությունները։ Սրբազանի խոսքով՝ նման արտահայտությունների պայմաններում դժվար է խոսել քաղաքական բարեկրթության կամ բարոյական նորմերի պահպանման մասին։
Բագրատ Սրբազանը նշել է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է համախմբվել և աջակցել Ազգային ժողովում գործող ընդդիմադիր ուժերին։
Բագրատ Սրբազանը քննադատել է իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ մոտեցումները՝ անդրադառնալով կառավարության 2026-2031 թվականների ծրագրում այդ ուղղությամբ նախատեսված դրույթներին։
Ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ 2018 թվականից ի վեր իշխանությունները տարբեր ձևերով փորձել են ճնշումների ենթարկել Ամենայն Հայոց կաթողիկոսին և Հայ եկեղեցուն։ Նրա գնահատմամբ՝ իշխանության ներկայիս խոսույթը եկեղեցու բարենորոգման անհրաժեշտության մասին այդ քաղաքականության շարունակությունն է։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ իշխանությունները փորձում են խոսել եկեղեցու փոփոխությունների մասին՝ միաժամանակ չանդրադառնալով սեփական գործունեության և կառավարման համակարգի խնդիրներին։ Նա պնդել է, որ իշխանությունը պետք է նախ սեփական գործունեության մեջ բարեփոխումների անհրաժեշտությունը տեսնի։
Սրբազանը նաև ընդգծել է, որ եկեղեցին շարունակելու է իր գործունեությունը՝ անկախ իշխանությունների վերաբերմունքից։ Նրա գնահատմամբ՝ Հայ եկեղեցին հասարակության համար շարունակում է մնալ կարևոր հենարան և կարող է դեր ունենալ երկրի ապագա վերականգնման գործընթացում։
Անդրադառնալով իշխանությունների գործողություններին՝ Բագրատ Սրբազանը դրանք որակել է որպես հակասահմանադրական և կոշտ քննադատության ենթարկել իշխանության քաղաքականությունը։ Նա նաև անդրադարձել է իր նկատմամբ և ընդդիմադիր շրջանակների նկատմամբ հնչող մեղադրանքներին՝ նշելով, որ իրենք իրենց չեն համարում ահաբեկիչներ, այլ հակադրվում են այն քաղաքականությանը, որը, իր գնահատմամբ, ճնշում է հասարակությանը և եկեղեցուն։
Սրբազանը պնդել է, որ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն եկեղեցուն, այլև հասարակության տարբեր խմբերին և շարքային քաղաքացիներին. «Սա շատ հակասահմանադրական է․ այ սա է ահաբեկչությունը։ Եվ ես ասել եմ դատարանում, որ մենք ոչ թե ահաբեկիչներ ենք, այլ հակաահաբեկիչներ, մենք դուրս ենք եկել ահաբեկություն իրականացնողների դեմ, իրենք են ահաբեկիչները»։

Բաց մի թողեք
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը
Ինչ եղան 100 դրամանոցների սարքերը
Ձևական պրոցեսներ են լինելու, եթե դա չլինի. Լիանա Մանուկյան