Հայկական բերքի արտահանման հարցը մնում է չլուծված, եւ սա լուրջ ճգնաժամ է առաջացրել: Ռուսական շուկայի փակվելու եւ սահմանափակումների պատճառով Հայաստանից ապրանքների արտահանման ծավալների կտրուկ անկում կա։
Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» կառույցը փուլ առ փուլ արգելել է հայկական թարմ գյուղմթերքի, կաթնամթերքի եւ այլ ապրանքների մուտքը երկիր, որը մեր արտահանման ամբողջ ծավալի կեսից ավելին էր կազմում եւ հայկական մրգի ու բանջարեղենի մոտ 94%-ի սպառողն էր:
Այս արգելքը ծանր հարված է հասցրել գյուղացիներին ու արտահանողներին: Եթե այս տարի ծիրանի բերքը քիչ էր, արտահանման հետ կապված խնդիրներն էլ, ըստ այդմ, շատ սուր չէին, ապա նույնը չի կարելի ասել դեղձի, խաղողի, լոլիկի մասին:
Դեռ հուլիսին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով բերքի իրացման հետ կապված իրավիճակին, իր ճեպազրույցներում նշել էր, որ կառավարությունը, մեծ հաշվով, լուծել է խնդիրը. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մեկ կիլոգրամ լոլիկ դաշտում չի մնա»: Ապա արգելել էին տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, եւ պահածոների գործարանները 40-60 դրամով պոմիդոր են մթերում: Համարվեց, որ դրանով «լուծվել» է լոլիկի խնդիրը:
Հերթը հասել է դեղձին, որի բերքն այս տարի այնքան առատ է, որ գյուղացին Աստծո տված բարիքի ձեռքը կրակն է ընկել: Երեկ Արմավիրի մարզի Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել էին Արմավիր-Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի մթերքի իրացման խնդիրներին։ Գյուղացիներին հանդիպել է մարզպետը, խոստացել, որ կխոսի չրագործների հետ, եւ հարցին լուծում կտրվի:
Հացիկ գյուղի բնակիչներն էլ բողոքում էին, որ իշխանությունն անտարբեր է սեփական ժողովրդի նկատմամբ։ «2 ամիս է՝ մեր կառավարությունը գիտի, որ Հայաստանից ոչ մի բան չի արտահանվում Ռուսաստան, բայց, իմանալով հանդերձ, ոչ մի քայլ չի ձեռնարկում: Այս պահին հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։ Բերքը ծառերի վրա հասել է, նոր մտածում են, թե ինչով օգնեն մեզ:
Երեկ մարզպետը հազիվ տեղից շարժվեց, եկավ մեզ հետ հանդիպման: Նոր խոսում է, որ բերքը չրագործները կտանեն, բայց ո՛չ հստակ գինն են ասում, ո՛չ էլ չրագործների հետ են խոսել: Ուղղակի եկավ, օդի մեջ խոստում տվեց, որ ճամփան բացենք: Էսօր պետք է չրագործների հետ պայմանավորվեն, այն էլ հարց է՝ չրագործները կհամաձայնե՞ն, թե՞ ոչ: Մինչեւ խնդրին լուծում տան, դեղձը ծառի տակ չիր կդառնա»,- մեզ հետ զրույցում ասաց Հացիկ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արտյոմը, որի այգում դեղձը հասել ու ծառերի տակ է թափվում:
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեր զանգերին չպատասխանեց: Կա՞ հստակ պայմանավորվածություն, եւ գյուղացու բերքի իրացման հարցը լուծվե՞ց՝ հարցրինք Հացիկ համայնքի վարչական ղեկավար Արթուր Եղիազարյանին։ «Ոնց պայմանավորվել են, ուժի մեջ է` բերքը տան չրագործներին»: Իսկ ի՞նչ գնով են չրագործները վերցնում բերքը գյուղացուց։ «Չեմ կարող ասել գին, դե, ասել են՝ նորմալ կլինի, ասել են՝ 150-200 դրամ»:
Խանջյան գյուղի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքի բնակիչները ճանապարհ չեն փակել, սակայն իրենց մոտ էլ կա բերքի իրացման խնդիր. «Այս պահին 100 դրամով են դեղձը տանում, հիմա արդեն չրագործների հետ է հարցը լուծվել: Չրագործներին էլ են տալու, գործարաններն էլ են տանելու, խնդիրը լուծվել է»: Ո՞ր գործարանն է դեղձի մթերում անում։ «Չգիտեմ, թե որ գործարանը»: Իսկ չրագործներին որքանո՞վ են տալու բերքը։ «Դա էլ չգիտեմ, այսօր պետք է պարզ լինի, հստակ որեւէ բան չկա»:
ՀԳ. Եթե դեղձի պարագայում ՔՊ-ական իշխանավորները փորձում են լուծում տալ խնդրին եւ բերքը «նաղդել» չրագործների վրա, որ գյուղացիները ճամփա չփակեն, ու կրքերը մարեն, ապա խաղողի պարագայում ավելի լուրջ խնդիրներ կունենան, քանի որ խաղողի տեսակ կա, որ չիր չի դառնում, իսկ գինու, կոնյակի արտահանումն էլ սահմանափակումների տակ է, եւ մասնավորին չեն կարող ստիպել մթերում անել՝ այն պարագայում, երբ նրանց արտադրանքը չի իրացվում:

Բաց մի թողեք
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավոր․ Լուսանկար
Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակը. Լուսանկար
«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղել