22/08/2026

EU – Armenia

Գործ տալու ենթամշակույթը

Եվ այսպես, «գործ տալ»-ը, ըստ Վահագն Ալեքսանյանի, քրեական ենթամշակույթին հարիր արտահայտություն է: Ինչո՞վ փոխարինել դա… Ալեքսանյանը համարժեք ոչինչ չի առաջարկում: Թե բա՝ հաղորդում տալ… Վերջացրու, պարոն փոխխոսնակ:

Հրապարակ թերթը գրել է․ Հաղորդում տալ կարելի է ամեն ինչի մասին: Օրինակ՝ վարչաբենդի մասին, վարչաֆեստի մասին… Էն ե՞րբ էր՝ մեզ հաղորդում տվեցին, որ Կոնջորյանն ու Ալեքսանյանը փոխխոսնակ են դարձել Ազգային ժողովում: Կարո՞ղ ենք ասել՝ մեզ գործ տվեցին Կոնջորյանի եւ Ալեքսանյանի մասին: Դե ուրեմն անիմաստ գործով ես զբաղված, պարոն «քացիտվան»: Մի բան էլ ասեմ՝ քրեական ենթամշակույթին շատ մի կպեք, որովհետեւ դրա հիմնական շահառուն դուք եք՝ ձեր ողջ կուսակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է «գործ տալ» արտահայտությանը, ապա ո՞վ չգիտի, որ դուք՝ բոլորդ, գործ տվող եք: Դուք գործը տալիս եք՝ դատախազը սարքում է, դուք տալիս եք՝ քննչականն ու հակակոռուպցիոնը սարքում են, դուք տալիս եք՝ ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն սարքում են: Եթե դուք, որպես իշխանություն, գործ չտայիք, երկրում այսքան գործ կլինե՞ր: Դատարանները չեն հասցնում ձեր հետեւից: Ձեզնից ով բերանը բացում է, լեզվից մի գործ թռցնում է:

Նիկոլի մասին էլ չեմ խոսում: Էս գլխից մեկին «հանցագործ» է հայտարարում ու իրավապահներին քսի տալիս՝ գնացեք, դրա բիզնեսներն ստուգեք, կապերը պարզեք, թաքցրած փողերը գտեք, գույքը խլեք: Եթե սրան գրական հայերենով «հաղորդում տալ» են ասում, բա «գործ տա՞լը» որն է:

Նախորդ ԱԺ-ն, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանի համահեղինակությամբ մի օրենք ընդունեց, որ լրագրողներն անվանեցին «գործ տալու» օրենք: Մի քանի ամիս անց հասկացան, որ մեծագույն էշություն է այդ օրենքով լրագրողներին լռեցնելու փորձը, եւ չեղարկեցին: Դրանից առաջ էլ քաղաքացիների ֆեյսբուքյան գրառումների վրայով էին գործեր տալիս:

Մեր տուն քանի անգամ են ոստիկաններ եկել, գիտե՞ք: Մի անգամ՝ նույնիսկ հենց Նիկոլ Փաշինյանի գործով: Դուք, ինչ է, մտածում եք, որ ոստիկանները բանուգործ չունեին ու իմ գրառումնե՞րն էին կարդում: Իհարկե՝ ոչ: Նրանց գործ էին տալիս, նրանք էլ գալիս էին այդ գործում նշված հասցեով: Հաճախ չէին էլ իմանում, թե որ օրվա եւ որ գրառման հետքերով են եկել:

ԱԺ նոր ղեկավարությունը, հասկանում ես, զրոյից է սկսել եւ որոշել է բարեկիրթ լինել: Արդեն նույնիսկ «գործ տալ» արտահայտությունը չեն ընդունում: Զարգացածներ… Կարո՞ղ եք ինձ ասել, թե ով է հաղորդում ներկայացրել Գագիկ Ծառուկյանի «հանցագործությունների» մասին: Լռո՞ւմ եք: Կարող եք, իհարկե, չբացահայտել այդ «ստուկաչին», բայց չեք կարող, չէ՞, հերքել, որ Գագիկ Ծառուկյանի տանը բեմականացված «մասկի շոուն» տեղի է ունեցել բացառապես իմ եւ ձեր իմացած մարդու հրահանգով: Կզըցնեմ, ունեզրկեմ, սատկացնեմ, բոմժ սարքեմ… Մեկը կար՝ այսպիսի բառեր էր օգտագործում: Պակա՞ս քրեական ենթամշակույթ է: Մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ, բռնելու ենք շինենք… Փոխխոսնակ Վահագն, պատահաբար ծանոթ չե՞ս այս խոսքերի հեղինակի հետ: Էս բոլոր աղաղակող գործերը, որ տեսնում ես, բոլորն ինքն է տվել: Ուզում ես ասա՝ հաղորդում է ներկայացրել, ուզում ես ուրիշ բառերով ասա: Բոլորը, միեւնույն է, գիտեն, որ նա ոչ երկար-բարակ հաղորդում գրող է, ոչ էլ իր հաղորդումն անձամբ ներկայացնող: Մարդն SMS-ներով է աշխատում, այսինքն՝ գործ տալիս. «սրան բռնեք», «նրան փռեք գետնին», «մյուսին հավքեք», եւ այսպես շարունակ:

Մենք՝ շարքային լրագրողներս, օրական մի քանի հաղորդում ենք տալիս հանցագործության մասին: Հաճախ դա ստացվում է մեր կամքից անկախ: Խոսում ենք մի բանի մասին, ու մեկ էլ պարզվում է, մեջը հանցագործություն կա: Երբեւէ որեւէ իրավապահ կառույց գնացե՞լ է մեր տված հաղորդումների հետեւից: Ոչ, որովհետեւ լրագրողների ասածը դատախազի ու մյուսների համար «ասնավանի» չէ: Բայց երբ Նիկոլն է գործ տալիս, Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը եւ մյուս իշխանավորները, իրավապահներն իսկույն ձգվում են, գործին իրավական տեսք տալիս ու գնում հետեւից: Ու թող փորձեն չգնալ, թող փորձեն չտեսնելու տալ Նիկոլի տված գործը, դատարան չհասցնել: Գլուխներ կթռչեն, հասկանո՞ւմ եք, գլուխներ:

Ալեքսանյան Վահագնը Լեւոն Քոչարյանին համբերատար բացատրում էր, որ «գործ տալը» քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում իր մեջ եւ սիրուն չէ: Համամիտ եմ, «գործ տալ» արտահայտությունը լավագույններից չէ, բայց ոչինչ չես կարող անել, երբ մեր երկրում այսպիսի արդարադատություն է տիրում: Այս իրավիճակում «գործ տալ»-ը «հաղորդում տալ»-ով փոխարինելը նույնն է, թե Ստալին-Բերիայի ժամանակների «մատնություն անել» արտահայտությունը փոխարինես «տեղեկատվություն փոխանցել» բառակապակցությամբ:
Եվ, այնուամենայնիվ, «գործ տալ»՝ նշանակում է գործ, զբաղմունք առաջարկել: Չեմ կարծում, թե շատ վիրավորական է, բայցեւ ընդունում եմ, որ իրավապահներին «գործ տալը» նույնը չէ, ինչ հյուսնին, ուսուցչին, բժշկին եւ մյուսներին: