22/08/2026

EU – Armenia

Պահանջվում է կառուցողական ընդդիմություն

Գործող իշխանությունը, դրա աջակիցները եւ թաքնված կողմնակիցները խոսում են ԱԺ կառուցողական ընդդիմության անհրաժեշտության մասին: Չեմ հասկանում, թե ինչպես կարող է ընդդիմությունը լինել կառուցողական, եթե իր ամբողջության մեջ համարում է, որ երկիրը գլորվում է անդունդը:

Հրապարակ թերթը գրել է․ Որովհետեւ այդ պարագայում կառուցողական լինելը նշանակում է աջակցություն այդ գործընթացին: Եվ քանի որ դա գիտակցվում է, ու քայլեր չեն արվում այդ ուղղությամբ, ապա ընդդիմությունն իշխանության կողմից հռչակվում է ծայրահեղական:

Իսկ ի՞նչ է նշանակում ծայրահեղական ընդդիմություն: Ես, օրինակ, դրա իմաստը չեմ հասկանում, չնայած հասկանալու հետ խնդիր չունեմ: Բացատրեմ, թե ինչու չեմ հասկանում: Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի անընդհատ քննադատի իշխանությանը ու դրա շնորհիվ հաջորդ ընտրություններին գա իշխանության: Այդպես է շարժվում պառլամենտարիզմը սկզբնավորող երկրի՝ անգլիական ընդդիմությունը:

Այդպես է շարժվում ժողովրդավարության ջահակիր համարվող ամերիկյան ընդդիմությունը: Այդ երկրներում որեւէ մեկը չի համարում, որ տվյալ պահին իշխանություն չունեցող քաղաքական ուժը, եթե քննադատում է իշխանություններին, ուրեմն ծայրահեղական է: Այդպես չի համարում նույնիսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, որն անընդհատ ժողովրդին խորհուրդ է տալիս հեղափոխություն անել, եթե համաձայն չէ կառավարության հետ ու չի ընդունում դրա գործունեությունը:

Եթե ժողովրդավարության կայացման երկարամյա փորձ ունեցող երկրներում, որոնք նաեւ չունեն գոյաբանական խնդիրներ, ընդդիմության «ապակառուցողականությունը» նորմալ է դիտարկվում, ապա ինչո՞ւ չպետք է այդպես լինի Հայաստանում, այն երկրում, որի իշխանությունը 2018-ին ինքնահռչակվել է «ժողովրդավարության բաստիոն», չնայած իրականում արդեն մոտեցել է ծայրահեղ ավտորիտարիզմին, եւ որն ամբողջովին վայելում է արեւմտյան ժողովրդավարության աջակցությունը: Ուրեմն գոյաբանական խնդիրներ ունեցող Հայաստանում ընդդիմությունն իրավունք ունի չլինել կառուցողական: Եվ տվյալ դեպքում ոչ կառուցողականությունը չի կապակցվում քանդման, ավերման գործընթացների հետ:

Որովհետեւ դա հենց այն է, ինչն անում է գործող իշխանությունը՝ անընդհատ կատարելով թշնամական մայրաքաղաքից շարունակ հնչող պահանջները՝ դրանք, ի դեպ, ներկայացնելով որպես սեփական նախաձեռնություններ: Դրանց տիպիկ օրինակն էլ խայտառակ պարտությունից հետո Գորիս-Կապան ճանապարհահատվածը թշնամուն զիջելն էր, ինչը կատարվել էր բանավոր պայմանավորվածությունների հիման վրա:

Իսկ հայաստանյան ընդդիմությունը, ընդհակառակը, փորձում է պահպանել մեր ինքնությունը եւ, վերջին հաշվով՝ մեր պետականությունը, պետության իրական ինքնիշխանությունը: Պահպանել իրականության մեջ եւ ոչ թե խոսքի մակարդակում: Փորձում է ոչ թե ընդամենը հայտարարել, այլ պահպանել իրապես հավասարակշռված փոխհարաբերություններ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ արեւմտյան երկրների հետ, ի տարբերություն գործող իշխանության, որ ձեւականորեն պահպանել է ՌԴ-ի հետ 1997-ին կնքված փոխօգնության պայմանագիրը, սակայն փոխհարաբերություններն աստիճանաբար դարձրել է թշնամական՝ ուղղորդվելով Արեւմուտքի կողմից: Ինչը, որքան էլ զարմանալի թվա, ներկայացվում է որպես հավասարակշռման ու հավասարակշռված փոխհարաբերությունների ձեւավորում:

Ինչ վերաբերում է կեղծ կառուցողականության վերջին դրսեւորմանն Ազգային ժողովում, ապա դրա համար պարտական ենք նախկիններին, ավելի ճիշտ՝ ժողովրդի կողմից մերժված Սերժին, որը 2015-ին որոշեց, որ Հայաստանն արդեն եվրոպական երկիր է, ու ԱԺ հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնները որոշեց խմբակցությունների միջեւ համամասնորեն բաշխել՝ ըստ իրենց մանդատների թվի: Բայց քանի որ մեջը կասկած մնաց, թե որքանով է ժողովրդավարական մեր երկիրը, ամբողջովին չպահպանեց եվրոպական ավանդույթը, այն է՝ ԱԺ ազդեցիկ հանձնաժողովներն ընդդիմությանը տրամադրել օրենսդրորեն, ինչպես դա, բայց իրենց դեպքում ավանդույթի ուժով, կատարվում է Արեւմուտքում: Գերմանիայի խորհրդարանում դա բյուջետային հանձնաժողովն է, Անգլիայում՝ հանրային հաշիվների հանձնաժողովը, Կանադայում՝ պետական ծախսերի արդյունավետության վերահսկման հանձնաժողովը եւ այլն:

Նիկոլական «ժողովրդավարության» օրոք Հայաստանում ընդդիմությանը տրամադրվում է այն, ինչը չի վերցնում գործող իշխանությունը: Այսինքն, գործում է մնացորդային կանոնը՝ խորհրդային կարգերից, այլ ոլորտների առումով, մտածողությամբ ժառանգված: Դա՝ մեկ, եւ երկրորդ. քանի որ մշտական հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների պաշտոնների համար անհրաժեշտ են իշխող խմբակցության ձայները՝ Նիկոլենք կուզեն, ձայն կտան, չեն ուզի՝ ձայն չեն տա: Ու ընդդիմությունն էլ ստիպված ընդունելու է խաղի կանոնները՝ պարտադրված նրանց կողմից: Հատկապես որ, դասեր քաղելով 8-րդ գումարման ԱԺ-ի գործունեությունից, երբ ընդդիմությունը նույն անձին կարող էր անսահման անգամ ներկայացնել որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու, օրենսդրորեն արգելեցին այդ պրակտիկան: Ու նույնիսկ այդ հարցում եթե ընդդիմությունն ընդունեց իշխանության պարտադրանքը, դառնում է կառուցողական, եթե չընդունեց, վերածվում է ծայրահեղականի: Փաստորեն այն, ինչ արվում է թշնամու կողմից իրենց հետ, նույնն իրենք անում են ընդդիմության հետ: Փորձելով «դաստիարակել» ճիշտ այնպիսի կառուցողական ընդդիմություն իրենց աչքում, ինչպիսին իրենք են թշնամու աչքում: