Միայն վերջին 10-11 օրերին բանակում զինծառայողի մահվան 4-րդ դեպքն է արձանագրվում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ, Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների վրա «մուննաթ եկավ», թե երբևէ պարզե՞լ եք՝ Հայաստանում ինքնասպանության քանի դեպք է գրանցվում, մտքներովդ անցե՞լ է պարզել ու համեմատել էդ թվերը բանակում ինքնասպանությունների թվերի հետ:
Սա դեռ ամենը չէ: Սուրեն Պապիկյանը նաև լուրջ-լուրջ հայտարարեց. «Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում»: Ներողություն, իհարկե, բայց էլ ումի՞ց պատասխան պահանջել, եթե ոչ առաջին հերթին ոլորտի ղեկավարից, տվյալ դեպքում՝ հենց նախարարից: Ինչ վերաբերում է նախարար Պապիկյանի «մուննաթին»: Բանակում տեղի ունեցող դեպքերը սխալ է համեմատել սովորական, «քաղաքացիական կյանքում» կատարվողի հետ:
Նախ՝ բանակը, Զինված ուժերը ինքնին փակ համակարգ են՝ հստակ սուբորդինացիայի ու խիստ կարգուկանոնի պարտադիր պայմանով: Այլապես, Սուրեն Պապիկյանի մոտեցմամբ, պետք է սովորական վթարներն ու վրաերթերն էլ համադրեինք բանակում կատարվածների հետ, ինչն աբսուրդային մեթոդ է ի սկզբանե: Երկրորդ. հարցը միայն սպանություններն ու ինքնասպանությունները չեն: Իսկ միգուցե դրանց թվի ավելացման պատճառներից մեկը բանակում իրականացվող կադրային քաղաքականությո՞ւնն է, երբ բանակը կազմաքանդելու «գծի մեջ»՝ սկսյալ 2018 թվականից, փորձառու, կադրային հրամկազմին փոխարինում են «նոր դեմքեր»:
Երրորդ. նկատելի է, որ բանակում ողբերգական ելքով միջադեպերի թիվը ավելացավ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում գնդերեցների ինստիտուտը վերացնելուց, այլ կերպ ասած՝ ՀԱԵ համապատասխան ծառայությունը բանակից դուրս մղելուց հետո: Թե որքանով ուղիղ կապ ունի սա, հուսով ենք՝ մասնագետները կգնահատեն: Չորրորդ. եթե բանակում նման դեպքերը հաճախակի են դառնում, պետք է ոչ թե (ոչ միայն) պատժիչ մարմնի՝ ռազմական ոստիկանության ղեկավարին փոխել, այլ ներբանակային մթնոլորտն ու միջավայրը: Բայց ո՞ւմ ենք սա ասում՝ ներկայացուցչին մի իշխանության, որը վարժական հավաքներն ու բանակային ծառայությունն առհասարակ ընկալում ու պատկերացնում է որպես պատժամիջոց և օդանավակայանում վարժական հավաքների ծանուցագրեր է բաժանո՞ւմ մի քանի օրով երկիր վերադարձած մարդկանց:
Եվ, վերջապես, ի՞նչ սպասել մի իշխանությունից ու նրա մի ներկայացուցչից, որ զարմանում է, թե բանակում տիրող վիճակի ու դրա հետևանքների համար իրենից են պատասխան պահանջում: Դե, հո «թիվ մեկ մեղավորն» ինքը չէ…

Բաց մի թողեք
Սեփական պետությունը վարկաբեկում է, Ադրբեջանի ստահոդ պրոպագանդան՝ լեգիտիմացնում
Ուժայինների թրիլլեր Երեւանում՝ ոստիկանն ընդդեմ քննիչների. Լուսանկար
Կառավարության 2026–2031 թթ. ծրագրի քննարկման հետաքրքիր պահերը եւ ծուղակները