Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։
«Հրապարակ» թերթը գրել է․ Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ Ձորաղբյուրում առանձնատուն է կառուցում։ Անդրադառնալով կառուցմանն ուղղված ֆինանսական միջոցներին՝ նշեց, որ կառուցապատման վարկ է վերցրել։
Մենք ուսումնասիրեցինք Սարգսյանի տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը, ինչից պարզ դարձավ, որ այն հողամասը, որի վրա կառուցվում է առանձնատունը, նա գնել է 2023 թ. հոկտեմբերի 27-ին՝ 12.5 մլն դրամով։ Նրա վարկի մնացորդային գումարը կազմում է 24 մլն 733 հազար 981 դրամ։ Եվս մեկ հիպոթեքային վարկ ունի, սակայն այս բնակարանը ձեռք է բերել Ռուսաստանում՝ 2013-ին։
Հիպոթեքի մնացորդը 3 մլն 435 հազար 35 ռուբլի է։ Երկու հիպոթեքային վարկ վճարող Կարեն Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 մլն 722 հազար 670 դրամ, որից 1 մլն 194 հազար 59 դրամը գոյացել է եկամտահարկի հետվերադարձից, մնացածը՝ աշխատավարձից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 900 հազար ռուբլի եւ 2.7 մլն դրամ, բանկային հաշիվների վրա եղել է 3.7 մլն դրամ։
Նրա կինը՝ Նելլի Խաչատրյանը, նախորդ տարի 3 մլն 720 հազար դրամով ձեռք է բերել Kia մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ. արտադրության։ Բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 643 հազար 489 դրամ։ Թեեւ Կարեն Սարգսյանի կնոջ աշխատավայրի վերաբերյալ տվյալներ չկան հայտարարագրում, սակայն նա 4 մլն 317 հազար 156 դրամ աշխատավարձ է հայտարարագրել, որը ստացել է Կենտրոնական բանկից, եւ 1 մլն 728 հազար 800 դրամ վարկի մնացորդ։ Դուստրն ուսանող է, 2025-ին նրա ուսման համար վճարվել է 2.1 մլն դրամ գումար։

Բաց մի թողեք
Եղիշե Չարենցի արձանը հատուկ էինք ընտրել
70 բժիշկ հարցաքննվել է, 15-ին մեղադրում են պացիենտների նմուշները վաճառելու մեջ
Նրա համար կարեւորը փաստացի իրավիճակն է, այն, որ դե ֆակտո ինքն է այսօր երկրի ղեկին