25/08/2026

EU – Armenia

Լուկաշենկոն, ըստ էության Պուտինի հաղթանակին չի հավատում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անկախության տոնի առթիվ շնորհավոորել է Ուկրաինայի ժողովրդին։

«Բելառուս և ուկրաինացի ժողովուրդների պատմական ճակատագրերը սերտորեն միահյուսված են, մեր ազգերին միավորում են դարավոր սովորույթները, ընդհանուր հաղթանակաների և ծանր փորձությունների մասին հիշողությունները»,- ընդգծել է Լուկաշենկոն և հույս հայտնել, որ բելառուսների և ուկրաինացիների հաջորդ սերունդները «կպահեն բարեկամության և հարազատության հավերժական կապերը»։

Նույն օրը Բելառուսի նախագահը ընդունել է ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկիին։ Լուկաշենկոն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հրապարակայնացրել է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ «գտնվում» է ռազմաճակատում։

Նա հայտարարել է, որ Բելառուսի ռազմաարդյունաբերությունը «համագործակցում» է ռուսաստանյան «պաշտպանության նախարարության ձեռնարկությունների հետ»։ «Բարեբախտաբար, թե դժբախտաբար, Ռուսաստանի ուղղությամբ մեր հնարավորությունները վերջին շրջանում մեծացել» են,- ասել է Լուկաշենկոն և հավելել, որ «դրանից փոխչել հնարավոր» չէ։

Հունիսի 26-27-ին ՌԴ նախագահի Վալդայի նստավայրում կայացել է Պուտին-Լուկաշենկո փակ հանդիպում, որից հետո Բելառուսի նախագահը մեկնել է Չինաստան։ Այդուհետև Պուտին-Լուկաշենկո հանդիպում չի կայացել։

Արխանգելսկի նահանգապետը Ռուսաստանի առաջին պաշտոնյան է, որի հետ Բելառուսի նախագահի հանդիպման մասին հրապարակային տեղեկություն է տարածվել։ Ընդ որում, այդ հանդիպումը «պատահականորեն համընկել» է Ուկրաինայի անկախության 35-րդ տարեդարձին։

Այդ առթիվ Լուկաշենկոյի ուղերձից և Արխանգելսկի նահանգապետի հետ հանդիպմանը արված հայտարարությունից հստակ հասկացվում է, որ բելառուս և ուկրաինացի ժողովուրդների «ճակատագրերի սերտ միահյուսվածության», «եկող սերունդների կողմից ընդհանուր հաղթանակների և ծանր փորձությունների մասին հիշողության պահպանման» ընդգծումները վերագրվում են ապագային, երբ «Կիևի նացիստական ռեժիմը տապալված, և ուկրաինացի ժողովուրդը ազատագրված կլինի»։

Լուկաշենկոն ըստ էության հրապարակայնացրել է, որ Բելառուսը «ներգրավված է Ուկրաինայի դեմ պատերազմին»։ Բելառուսի նախագահը, սակայն, կասկածել է՝ դա «բարեբախտությո՞ւն է, թե՞ դժբախտություն»։

Նա նաև բացահայտել է, որ այդ հարցի պատասխանը չունի, առաջնորդվում է «իրականությունից հեռու չես փախչի» սկզբունքով։ Լուկաշենկոն, ըստ էության Պուտինի հաղթանակին չի հավատում, բայց Ուկրաինայի դեմ պատերազմել պարտավոր է։