25/08/2026

EU – Armenia

Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ. Լուսանկար

Օգոստոսի 25-ին՝ ժամը 03։32-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան ճանապարհամերձ հատվածում շրջվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Քաղաքացիների օգնությամբ 3 տուժած դուրս է բերվել ավտոմեքենայից, երկուսը հոսպիտալացվել են, իսկ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները։