25/08/2026

EU – Armenia

Ձերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել

Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով օգոստոսի 25-ին ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։

Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնությամբ ներկայացրել էր, թե ինչ մեղադրանքներով են անցնում Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Նրանք, ինչպես նաև հանցավոր սխեմաներում ներգրավված ևս 4 անձ ձերբակալվել են:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունն առավել մանրամասնել էր մեղադրանքի բնույթն ու հայտնել, որ բացի Ռոբերտ Քոչարյանից՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Ք.-ի որդի Ս. Ք.-ն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս. Ս.-ն, ՀՀ նախկին վարչապետ Ա. Մ.-ն, Երևանի նախկին քաղաքապետ Գ. Բ.-ն, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս. Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա. Ո.-ն., Ա. Ո.-ի կինն ու երկու դուստրերը: