25/08/2026

EU – Armenia

Ուժայինների թրիլլեր Երեւանում՝ ոստիկանն ընդդեմ քննիչների. Լուսանկար

Քննչական կոմիտեի եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի շուրջ իրադարձությունները զարգանում են հոլիվուդյան թրիլլերի սցենարով, թեեւ դեռ շատ հստակ չէ, թե ով ում է ծեծել, ով ում խոշտանգել, եւ ամենակարեւորը՝ ինչու են ոստիկաններն ու քննիչներն իրար ծեծել: Երկու հիմնական վարկած է շրջանառվում՝ որ հարբած ոստիկանն անհիմն վեճ է սկսել քննիչների հետ, եւ երկրորդ՝ որ վեճի թեման «մասնագիտական» է եղել՝ «ով է գլխավորը» ցույց տալու հողի վրա:

Ինչեւէ, երկուշաբթի՝ օգոստոսի 24-ին, Քննչական կոմիտեի խոսնակն իր ՖԲ պատին գրեց. «2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը եւ եւս 1 մեղադրյալ կալանավորվել են»: Նրան միանգամից մեղադրեցին դատարանի դեր ստանձնելու, ոստիկանի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ, սկսեցին գրել, որ ոստիկանին համ ծեծել են, համ մեղադրանք առաջադրել:

«Հրապարակ»․ Ուժայինների թրիլլեր Երեւանում՝ ոստիկանն ընդդեմ քննիչների

Բայց դա վերջին ակորդն էր՝ գործն այլեւս քննչականում չէ, դրանով արդեն զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Իսկ սկիզբը մամուլում հայտնված տեղեկությունն էր, թե Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, այլ քննիչների հետ, դաժան ծեծի է ենթարկել ոստիկանության սպային՝ Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր Սարգիս Բագրատունյանին: Ըստ լուրերի, որոնք հաստատել էր նրա փաստաբանը, ոստիկանը համազգեստով է եղել, վնասվածքներ է ստացել, իսկ քննիչները շտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել մոտենալ տուժողին:

Ըստ քննչականի՝ իրականում զոհերը քննիչներն են եղել: «Գործը վերաբերում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի, ինչպես նաեւ նրա հետ ընկերական ու ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 եւ ավելի անձանց կողմից քննչական բաժնի 2 քննիչներին շենքի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու եւ խուլիգանություն կատարելու հանգամանքներին: Վարույթի շրջանակում սկզբում ձերբակալվել էին ոստիկանության վերոնշյալ ծառայողը, ով դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, եւ նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող եւս 2 անձ»,- հաղորդեց ՔԿ-ն: Ըստ այդմ՝ ոստիկանին բժշկական զննման են ենթարկել, որով նրա նկատմամբ բռնությունը հերքվել է:

Այսպիսով, կռվի մասշտաբը մեծանում է: Ոչ թե մի քանի հոգու կռվի, այլ զանգվածային խուլիգանության մասին է խոսքը: Ոստիկանի հետ, որը հարբած էր, ինչը ծանրացուցիչ հանգամանք է, 20-ից ավելի մարդ է եղել, ովքեր շենքի դիմաց «լխկել» են երկու քննիչի։ Սրանով, սակայն, ՔԿ քննությունը, որի օբյեկտիվության հանդեպ կասկածներ կան, ավարտվում է: Կազմված նյութերը Հակակոռուպցիոն կոմիտեին են փոխանցվել, որն էլ առանձին վարույթ է նախաձեռնել` արդեն խոշտանգման դեպքով: Այսինքն, այնուամենայնիվ, քննիչնե՞րն են ոստիկանին խոշտանգել:

«Ի պատասխան հայտնում ենք, որ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են անհետաձգելի վարույթային գործողություններ, այդ թվում՝ որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,- ստացանք ՔԿ-ի լղոզված պատասխանը։

Այլ կերպ ասած՝ խոշտանգելու վերաբերյալ տվյալներ կան, բայց որեւէ քննիչի մեղադրանք չի առաջադրվել: Հավանաբար, ձեւական քննություն է սպասվում:

Այս ողջ պատմության ամենաառանցքային ու ազդեցիկ կերպարը, ըստ որոշ աղբյուրների, ծեծի պարագլուխը` Ռաֆայել Վարդանյանն է: Նա Երեւան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է հուլիսից: Մինչ այդ՝ մոտ 3-4 տարի ղեկավարել է Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը, վարչության պետն է եղել, պետի տեղակալը: Ըստ իրավապահ մարմնի մեր աղբյուրի, նա առանցքային դեր է ունեցել պատերազմից հետո զինվորականների դեմ հարուցված քրեական վարույթներում, դրանք տարել է անհրաժեշտ հունով: Իսկ հունը մեկն էր․ 44-օրյա պատերազմից հետո իրավապահ համակարգը Զինվորական քննչական վարչության միջոցով խնդիր ուներ հանրային դժգոհության սլաքները քաղաքական իշխանությունից շեղելու դեպի բանակ, այդ պատճառով էլ հարուցվեցին հարյուրավոր քրեական գործեր, ձերբակալվեցին տասնյակ բարձրաստիճան զինվորականներ։ Դասական օրինակներ են Արցախի ՊԲ նախկին հրամանատարներ Միքայել Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի գործերը, որոնց քավության նոխազներ սարքեցին: Հենց այդ լավ ծառայության շնորհիվ էլ, ասում են, Ռաֆայել Վարդանյանն ավելի հեղինակավոր պաշտոն ստացավ՝ դառնալով Երեւանի քննչականի պետ:

ՀԳ. Ուշագրավ օրինաչափություն ենք տեսնում: Ստացվում է` Ռաֆայել Վարդանյանի անունը կրկին հնչում է պատմության մեջ, որտեղ թիրախում հայրենիքի առաջ վաստակ ունեցող ոստիկան, նախկին զինվորական, մայոր Սարգիս Բագրատունյանն է: Նա Արցախի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ է՝ պատերազմի բովով անցած սպա։ Թեեւ կոլեգաները պնդում են նաեւ, որ ոստիկան Բագրատունյանի «քյալլեն թափած» է», եւ չի բացառվում, որ նրա մեղքն էլ միջադեպում փոքր չէ: