26/08/2026

EU – Armenia

Վրաստանում քաղաքական կյանքը հետաքրքիր զարգացումներ է ապրում

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր դաշտում հանդես եկող Իրակլի Ղարիբաշվիլին ակտիվ ինֆորմացիոն արշավ է սկսել երկրում։ Փորձագետները, սակայն, չեն կարողանում դեռ միանշանակորեն ասել, որ սկսված արշավը նշանակում է, որ Ղարիբաշվիլին վերադառնում է վրացական քաղաքական կյանք։

Վրաստանի քաղաքական գունապնակի համար նա նոր մարդ չէ։ Երկու անգամ հասցրել է լինել Վրաստանի վարչապետ, չնայած դեռ 44 տարեկան է։ Նաեւ եղել է պաշտպանության ու ոստիկանության նախարար։ Դիտարկվում է որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության առանցքային դեմքերիղ մեկը՝ եղել է կուսակցության նախագահը։ Սակայն հետո ամեն բան փոխվեց։ Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հեռանում է կուսակցությունից եւ ավարտում է քաղաքական կարիերան։ Ինչպեսեւ կարելի էր սպասել, դատելով ժանրի կանոններից, հետո արդեն գործի անցան իրավապահները։ Խուզարկություններ, փողերի լվացման եւ կոռուպցիոն գործունեության մեղադրանքներ։ Հունվարին Ղարիբաշվիլուն ուղարկեցին այն նույն բանտը, որտեղ իր պատիժն է կրում նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

Թե ինչ կլինի հիմա՝ դժվար է ասել, սակայն, ինչպես գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, եթե սկզբում Ղարիբաշվիլին, ըստ իշխանությունների տեսակետի, «կառուցողական» մոտեցում ցուցաբերեց ու Գլխավոր դատախազության հետ համաձայնագիր կնքեց իր մեղավորությունն ընդունելու հետ կապված, հիմա արդեն՝ օգոստոսին, կարծես թե ամեն բան այլ հունով է առաջ գնում։ Նախ նա հայտարարեց, որ իր դեմ հարուցված գործերը եւ իր դեմ իրականացված արշավը մեկ նպատակ են ունեցել՝ ամեն գնով իրեն հեռացնել քաղաքականությունից։ Հետո արդեն հայտարարեց, որ իրեն հարկադրում են սկսել պայքար, եւ խոստացավ հայելային պատասխան իշխանությունների գործողություններին։ Ի՞նչ կարող է սա նշանակել։ Գուցե, ըստ Մարկեդոնովի, կարելի է ասել, որ բավականին լոյալ Ղարիբաշվիլին դառնում է թունդ ընդդիմադիր։ Սակայն այդ մասին միանշանակ պնդում անելը դեռ շատ կանուխ է։ Հատկապես որ Վրաստանի հետսովետական պատմության մեջ դեպքերը քիչ չեն եղել, երբ իշխանական օլիմպոսում հանգրվանածները հետո դառնում են ընդդիմադիրներ եւ քրգործերի ֆիգուրանտներ։

Ամենավառ օրինակը նախկին վարչապետ եւ նախկին ՆԳ նախարար Գեորգի Գախարիային կարելի է համարել։ Ներկա պահին թերեւս միայն կարելի է արձանագրել, որ Ղարիբաշվիլու եւ «Վրացական երազանքի» միջեւ սկսվել է ինֆորմացիոն պատերազմ։ Իշխանությունները տհաճ վիճակում են հայտնվել, ինչ խոսք։ Եթե այդ ամենն աներ Սահակաշվիլին, նորմալ կհասկացվեր։ Սակայն երբ անում է Բիձինա Իվանիշվիլու նախկին թիմակիցը, դա արդեն հարցերի տեղիք է տալիս։ Իշխանությունները, անշուշտ, ինչ-որ բան կձեռնարկեն։ Եթե չեն ուզում` ի դեմս իրենց նախկին կուսակցի, Ղարիբաշվիլուն տեսնել թունդ ընդդիմադիրի դերում։