03/09/2026

EU – Armenia

Փաշինյանն այդքան վստահո՞ւմ է Թուրքիային, թե՞ մեզ է Թուրքիայի բերանն է տալիս

Պուտինն ասում է․ -Եթե Հայաստանը ասի՝ ռուսական ռազմաբազան դուրս բերեք, հաջորդ օրը կհանեմ։

Փաշինյանն ասում է․ -Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի։ Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք երբեք այդ հարցն այս ընթացքում չենք քննարկել։

Հրապարակ թերթը գրել է․ Ու այստեղ արդեն հարց է առաջանում՝ ո՞վ առաջինը կասի։ Ո՞վ դռները կբացի Թուրքիայի առաջ։ Այստեղ պարզ երևում է, որ Ռուսաստանը գիտակցում է ռազմաբազան դուրս հանելու ողջ ողբերգությունը, իսկ Փաշինյանն իր «խասյաթի համաձայն» ցանկանում է դա էլ «գցել ռուսի ջեբը»։ Նա, ինչպես միշտ, խուսափում է պատասխանատվությունից։ 8 տարվա մեջ նա ոչ մի պատասխանատվություն իր վրա չի վերցրել ու բոլորը մեղավոր են՝ բացի իրենից։

Ոչ մեկը չի ասում «գնա», ոչ մեկը չի ասում «մնա», բայց բոլորը պատրաստ են քննարկել, եթե մյուսը որոշի։ Շատ հետաքրքիր խաղ է։ Միայն թե սա այն խաղը չէ, որտեղ պարտվողը միավոր է կորցնում։ Այստեղ սխալ հաշվարկի գինը ժողովուրդն է վճարելու։

Տուժողը ժողովուրդն է լինելու։ Ու այս ամենի ֆոնին ժողովրդի մոտ հարց է առաջանում՝ Փաշինյանն այդքան վստահո՞ւմ է Թուրքիային, թե՞ մեզ է Թուրքիայի բերանն է տալիս։ Որովհետև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների պատմությունը պարզապես դիվանագիտական տարաձայնությունների պատմություն չէ։ Դարերի պատմություն է՝ պատերազմներով, ցեղասպանությամբ, տեղահանություններով ու չսպիացած վերքերով։

Դա մի հրամանով կամ քաղաքական հայտարարությամբ չի ջնջվում։ Եվ եթե այսօր մեզ ասում են՝ «Թուրքիան այլևս սպառնալիք չի լինելու», ժողովուրդը միանգամայն բնական իրավունք ունի հարցնելու՝ իսկ ինչի՞ վրա է հիմնված այդ վստահությունը։ Ռուսաստանին դուրս ենք բերում, Թուրքիայի՞ն ենք ներս թողնում։ Մեր դարավոր ողբերգական պատմությունը թողած՝ Փաշինյանի հայտարարությու՞ն ենք հիմք ընդունում։