Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հայաստանյան քաղաքական դաշտում արձանագրվեց մի ուշագրավ, սակայն խորքային առումով վնասակար իրողություն։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մի շարք քաղաքական ուժեր, որոնք քարոզարշավի ընթացքում հանդես էին գալիս վճռական խոստումներով ու հանրային ակտիվությամբ, ընտրատեղամասերի փակվելուն պես պարզապես գոլորշիացան քաղաքական ասպարեզից։
Խոսքը մասնավորապես Արման Թաթոյանի «Միասնության թևեր» շարժման և Գուրգեն Սիմոնյանի «Հայաստանի Շնորհապետական» կուսակցության մասին է, որոնց վարքագիծն ընտրություններից հետո ավելի շատ հիշեցնում է սեզոնային քաղաքական սպեկուլյացիա։
Թեև ընտրությունների արդյունքներով այս միավորումները չհաղթահարեցին Ազգային ժողով անցնելու անհրաժեշտ շեմը, սակայն հատեցին 2 տոկոսի սահմանագիծը։ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2 և ավելի տոկոս քվե ստացած քաղաքական ուժերն իրավունք են ստանում պետական բյուջեից ստանալ տարեկան ուղղակի ֆինանսավորում։
Սա նշանակում է, որ Հայաստանի հարկատուների գրպանից միջինը մոտ 30 միլիոն դրամի չափով պետական միջոցներ են հատկացվելու այս կառույցներին՝ իբրև թե կուսակցական ու հանրային գործունեություն ծավալելու համար։ Սակայն քաղաքական իրականությունը ցույց է տալիս, որ այս ուժերի առաքելությունը սահմանափակվեց ընդդիմադիր ուժերի ձայները փոշիացնելով և բյուջետային ֆինանսավորումն ապահովելով։
Խորհրդարան չանցնելով՝ նրանք, ըստ էության, ջուր լցրեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության ջրաղացին՝ տասնյակ հազարավոր քվեներ դուրս թողնելով քաղաքական որոշումների կայացման գործընթացից, իսկ դրանից հետո ուղղակի անհետացան քաղաքական քարտեզից։
Հատկանշական է Արման Թաթոյանի պարագան։
Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որն իր նախկին պաշտոնի բերումով ու հանրային կերպարով հավակնում էր լինել իրավական ու քաղաքական լուրջ այլընտրանք, ընտրություններից հետո պահպանում է բացարձակ լռություն։
Երկրում ծավալվող աղմկահարույց ձերբակալությունների, քաղաքական աստառ ունեցող քրեական գործերի, իրավապահների չարաշահումների և քաղբանտարկյալների վերաբերյալ ահազանգերի ֆոնին Թաթոյանից որևէ արձագանք չկա։
Անգամ «Միասնության թևեր» շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում Արման Թաթոյանի անունը կամ գործունեությունը փաստացի չի հիշատակվում, իսկ էջի բովանդակությունը կրում է լիակատար ձևական բնույթ։
Էլ ավելի տարօրինակ է Գուրգեն Սիմոնյանի և նրա «Շնորհապետական» կուսակցության պահվածքը։ Լինելով ամենաշատ ձայն հավաքած արևմտամետ ուժերից մեկի ղեկավարը՝ Սիմոնյանը, որ քարոզարշավի ընթացքում աչքի էր ընկնում ակտիվությամբ ու արտաքին քաղաքական կոշտ հայտարարություններով, ընտրություններից հետո առհասարակ չի երևում հանրային ու քաղաքական տիրույթում։
Ու ընդհանրապես, ձևավորվել է մի արատավոր մոդել. քաղաքական գործիչները հայտնվում են ընտրությունից ընտրություն, փոշիացնում ընտրողների քվեները, 2 տոկոսի շեմը հաղթահարելու շնորհիվ ապահովում տարեկան տասնյակ միլիոնավոր դրամների պետական ֆինանսավորում հարկատուների հաշվին, իսկ հետո անցնում «ստվերային թոշակի»։ Հանրությունը զրկված է իր վստահած քվեների ներկայացվածությունից, իսկ պետական բյուջեն շարունակում է վճարել ուժերի, որոնք, այսպես ասած, «անունը կա, ամանում չկա»։

Բաց մի թողեք
Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել
ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ Լուսանկար
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը