Ամառային արձակուրդների շրջանն ավարտվեց, տուրիստական ուղևորությունների և ակտիվ հանգստի հիմնական հոսքերը աստիճանաբար նվազում են, և սահմանային անցակետերում կյանքը վերադառնում է բնականոն հուն։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ամառային այս պիկային փուլն ամենամյա այն ցուցիչն է, որով հնարավոր է օբյեկտիվորեն գնահատել սահմանային ենթակառուցվածքների ու պետական ծառայությունների պատրաստվածությունն ու աշխատանքի արդյունավետությունը։
Տարիներ շարունակ հայ-վրացական սահմանային անցակետերում տիրող իրավիճակը, մասնավորապես մարդկանց ու մարդատար տրանսպորտային միջոցների ահռելի կուտակումներն ու ժամեր տևող հերթերը դարձել էին քաղաքացիների և զբոսաշրջիկների ամենամեծ մարտահրավերներից մեկը։
Ծանրաբեռնված շրջաններում սահմանահատումը հաճախ վերածվում էր լուրջ խոչընդոտի։ Այս տարվա ցուցանիշներն ու փաստացի իրավիճակը ցույց են տալիս, որ ոլորտում արձանագրվել է որակական փոփոխություն։ Հայաստանի սահմանային անցակետերում իրականացված բարեփոխումների, ենթակառուցվածքների արդիականացման և թվային համակարգերի ներդրման արդյունքում սահմանահատման գործընթացի արագությունն ու կազմակերպվածությունը հասցվել են բարձր մակարդակի։
Տեղում ապահովված է ներգրավված բոլոր կառույցների համակարգված աշխատանքը։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները, ԱԱԾ սահմանապահ զորքերը և տվյալ հատվածում երթևեկությունը կարգավորող պարեկային ծառայությունն իրականացնում են ընթացակարգերն անհամեմատ ավելի սեղմ ժամկետներում։
Եթե նախկինում որպես արդյունավետ աշխատանքի օրինակ հաճախ մատնանշվում էր վրացական կողմի փորձը, ապա ներկայում հայկական ծառայությունների սպասարկման արագությունը չի զիջում, իսկ որոշ ընթացակարգերով գերազանցում է տարածաշրջանի համանման ցուցանիշները։
Վիճակագրական տվյալները ևս փաստում են ընթացակարգերի արդյունավետության մասին. «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման և ձևակերպումների պարզեցման շնորհիվ մեկ տրանսպորտային միջոցի և ուղևորի սպասարկման միջին ժամանակահատվածը կրճատվել է, ինչը թույլ է տալիս ծանրաբեռնված օրերին ևս ապահովել անցակետերի անխափան թողունակությունը։
Սահմանային անցակետերում գրանցված ընթացակարգային այս բարելավումները կրում են համակարգված բնույթ՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի սպասարկման ժամանակի կրճատմանն ու տրանսպորտային միջոցների արդյունավետ կառավարմանը։

Բաց մի թողեք
Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը. Լուսանկար
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա
Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ Լուսանկար