Բաքվում տեղի ունեցած մի հանդիպում առաջին հայացքից կարող էր դիվանագիտական առօրյայի մաս թվալ։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ, հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։ Բայց քննարկման օրակարգը շատ ավելի խոսուն է, քան ձևաչափը։
Կողմերը խոսել են ոչ միայն Հայաստան–Ադրբեջան խաղաղության մասին, այլև TRIPP-ի իրականացման, TRIPP Development Company-ի ստեղծման և ենթակառուցվածքների շինարարության մասին։
Սա կարևոր պատասխան է նրանց, ովքեր TRIPP-ը շարունակում են ներկայացնել որպես դիվանագիտական դեկորացիա կամ նախագիծ, որի նկատմամբ Վաշինգտոնը շուտով կարող է կորցնել հետաքրքրությունը։
Խնդիրն այն է, որ TRIPP-ը Միջին միջանցքի հերթական ճանապարհը չէ՝ այստեղ Միացյալ Նահանգները դիտորդ չէ՝ այլ համասեփականատեր։
Հայ-ամերիկյան պաշտոնական համաձայնագրով TRIPP Development Company-ն պետք է ստեղծվի որպես համատեղ ձեռնարկություն, որտեղ ամերիկյան կողմը կունենա 74 տոկոս վերահսկիչ բաժնեմաս, Հայաստանը՝ 26 տոկոս։
Ամերիկյան բաժնետերը պետք է լինի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային՝ DFC-ին ամբողջությամբ պատկանող ընկերություն։ Նախնական ժամկետը 49 տարի է, իսկ հնարավոր ևս 50 տարվա երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսվում է հասցնել 49 տոկոսի։
Սա արդեն քաղաքական հայտարարություն չէ, այլ սեփականության կառուցվածք է։ Ավելին՝ պաշտոնական փաստաթուղթը բաց տեքստով արձանագրում է, որ TRIPP-ի նպատակներից մեկը Միացյալ Նահանգներին տնտեսական օգուտ տալն է՝ ամերիկյան ներդրումների և ապրանքների համար նոր շուկաներ բացելով, Կասպից և Կենտրոնական Ասիայի հումքի, կրիտիկական հանքանյութերի ու հազվագյուտ մետաղների հասանելիությունը մեծացնելով և Եվրոպա–Ասիա առևտրի համար լրացուցիչ ուղիներ ստեղծելով։
Այստեղ է նախագծի իրական աշխարհաքաղաքական ծանրությունը։ Միջին միջանցքի մասին այսօր խոսում են բոլորը՝ Եվրոպան, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Չինաստանը։
Բայց այդ հսկայական երթուղու հայկական հատվածում ձևավորվում է բացառիկ կառուցվածք․ ԱՄՆ կառավարությանը պատկանող կառույցն ու Հայաստանի Հանրապետությունը միասին ստեղծելու են այն ընկերությունը, որը պետք է զարգացնի ճանապարհային, երկաթուղային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները Հայաստանի տարածքում։
Սա է տարբերությունը պարզապես «աջակցվող» նախագծի և այն նախագծի միջև, որտեղ մեծ տերությունը սեփական շահաբաժին ունի։ Պատմությունը ցույց է տալիս՝ պետություններն առավել երկար են պաշտպանում այն ճանապարհները, որոնցում ոչ միայն քաղաքական հեղինակություն, այլև տնտեսական շահ ունեն։
TRIPP-ը հենց այդ տնտեսական նախագծերից մեկն է, այն Վաշինգտոնի համար միայն Հայաստան–Ադրբեջան հաշտեցման խորհրդանիշ չէ։ Այն կարող է դառնալ Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը Եվրոպային կապող շղթայի այն հատվածը, որտեղ ԱՄՆ-ը կունենա ոչ թե հեռավոր քաղաքական հետաքրքրություն, այլ փաստաթղթավորված ինստիտուցիոնալ և տնտեսական մասնակցություն։
Հենց այդ պատճառով էլ Բաքվում TRIPP-ը քննարկում են ոչ միայն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների, այլև ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական օրակարգի շրջանակում։ Դա ցույց է տալիս, որ նախագիծն արդեն դուրս է եկել հայկական ներքին բանավեճի սահմաններից և դարձել տարածաշրջանային դիվանագիտության առարկա։
Իհարկե, սա դեռ կառուցված ճանապարհ չէ։ Անհրաժեշտ են ընկերության ստեղծում, ֆինանսավորում, նախագծում, համաձայնություններ և շինարարություն։ Բայց նույնքան սխալ է այս դեռևս չմեկնարկած նախագիծը ներկայացնել որպես անարժեք։
Պետությունների իրական հետաքրքրությունը չափվում է ոչ միայն հայտարարություններով, այլ նրանով, թե որտեղ են նրանք պատրաստ դնել իրենց անունը, կապիտալը և սեփականության իրավունքը։ TRIPP-ի դեպքում Միացյալ Նահանգները պատրաստվում է անել երեքն էլ։

Բաց մի թողեք
Եվրամիությանն անդամակցելու հնարավորության հարցով հանրաքվե չի անցկացնի
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Պուտինի զանգը Ալիևին ևս մեկ անգամ հիշեցնում է մի պարզ ճշմարտություն