ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի բարելավում չի ակնկալվում։
Ռուս պատգամավորի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների ներկայիս լարվածության հիմնական պատճառը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն է։ Նա նշել է, որ Երևանը փորձում է համագործակցություն և նոր դաշինքներ ձևավորել այն ուժերի հետ, որոնք հակադրվում են Մոսկվային։
Զատուլինի գնահատմամբ՝ անգամ Հայաստանի և Ռուսաստանի միջև պարբերաբար տեղի ունեցող շփումները չեն կարող էականորեն փոխել իրավիճակը, քանի դեռ Փաշինյանը շարունակում է ղեկավարել երկիրը։
ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ենթարկվել Հայաստանի կողմից հնարավոր ճնշման կամ շանտաժի։
Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությանը՝ Զատուլինը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը նման հարցով հանրաքվե չի անցկացնի։ Նրա համոզմամբ՝ վարչապետը մտավախություն ունի, որ հանրաքվեի դեպքում համապատասխան նախաձեռնությունը կարող է չստանալ անհրաժեշտ աջակցություն։

Բաց մի թողեք
TRIPP-ի նպատակներից մեկը Միացյալ Նահանգներին տնտեսական օգուտ տալն է
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Պուտինի զանգը Ալիևին ևս մեկ անգամ հիշեցնում է մի պարզ ճշմարտություն