11/09/2026

EU – Armenia

Դե ինչ, ինչպես Պոլոզ Մուկուչը կասեր` բարով վայելես թազա շրջապատդ…

Վահե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Էսօր հայտնի դարձավ, որ 《լեգենդար》 Առուշ Առուշանյանը հա’մ ՔՊ֊ի հետ դաշինքով է գնում ընտրություններին, հա’մ պատրաստվում է դառնալ ՔՊ անդամ (չի հերքել, ինչպես դա արել էր նախկինում), հա’մ էլ կուսակցություն ունի, որի անունը, ուշադրություն, 《Բիզնես》է…

Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես («Ничего личного, это просто бизнес»)։
Դե, նորաթուխ իշխանականը հիմա երևի չի հիշի, թե ինքը ինչեր էր ասում և մտածում ՔՊ֊ի մասին, կամ ՔՊ֊ականներն ինչ էին ասում և մտածում իր մասին։

Բայց մենք հիշում ենք, ավելին, ՔՊ֊ականներն էլ են հիշում և Առուշին արեցին ամենամեծ վատությունը` բարոյապես հիմնահատակ ոչնչացրին նրան։

Իսկ եթե Առուշը մտածում է` իր 《Բիզնեսով》փրկեց իրեն և իր բիզնեսը, ուրեմն Նիկոլ Փաշինյանին լավ չի ճանաչում. Առուշի հանդեպ նա ավելի դաժան է վարվելու, քանի որ դա նաև պատմության ու բնության չգրված օրենքներն են։ Բայց էդ օրենքներն արդեն քաղաքականապես դեռահաս ճամբարափոխի`《Բիզնեսի》առաջնորդի համար հազիվ թե ընկալելի լինեն։

Դե ինչ, ինչպես Պոլոզ Մուկուչը կասեր` բարով վայելես թազա շրջապատդ…

Գորիսի՝ հոկտեմբերի 25-ի ընտրությունները սովորական տեղական ընտրություն չեն լինելու։ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրության է գնում դաշինքով, իսկ այդ դաշինքը գլխավորելու է Առուշ Առուշանյանը, այն նույն համայնքապետը, որը 2021-ին բանտից հաղթեց ՔՊ-ին և ստացավ գորիսեցիների ձայների շուրջ 60 տոկոսը։

Քաղաքականությունը փոխվող հարաբերությունների արվեստ է, և նախկին հակառակորդների համագործակցությունը ինքնին արտառոց չէ։ Ժողովրդավարություններում դաշինքները փոխվում են, նախկին մրցակիցները երբեմն դառնում են գործընկերներ, բայց այստեղ փոփոխությունն այնքան կտրուկ է, որ պարզ բացատրություն է պահանջում։

2020-ից հետո Առուշանյանը Նիկոլ Փաշինյանի ամենակոշտ քննադատներից էր։ Նա խոսում էր Սյունիքի անվտանգության խաթարման մասին, կոչ էր անում թույլ չտալ վարչապետի մուտքը մարզ, 2021-ին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքին։ Հետո կալանավորվեց, դատվեց ընտրակաշառքի գործով, իսկ նրա շրջապատը իշխանության գործողությունները ներկայացնում էր որպես քաղաքական ճնշում։

Այսօր նույն Առուշանյանը հայտարարում է, որ կառավարության գործողությունները «հօգուտ երկրի են», երկիրը «շենանում է», և եթե դեմ լիներ գործող քաղաքականությանը, ՔՊ-ի հետ դաշինք չէր կազմի։

Սա կարող է լինել աշխարհայացքի իրական փոփոխություն։ Կարող է լինել նաև այն պարզ գիտակցումը, որ համայնք ղեկավարելը Հայաստանում դեռ մեծապես կախված է կենտրոնական իշխանության հետ հարաբերություններից, և հենց այստեղ է խնդիրը։

Եթե համայնքապետը արդյունավետ աշխատելու համար պետք է քաղաքականապես մոտենա կենտրոնին, ապա մենք դեռ ամբողջությամբ չենք կառուցել տեղական ինքնակառավարում։ Մենք կառուցել ենք համակարգ, որտեղ համայնքը իրավաբանորեն ինքնուրույն է, բայց քաղաքական և ֆինանսական իմաստով շարունակում է նայել Երևանին։

Հայաստանի պատմության մեջ սա նոր երևույթ չէ։ Խորհրդային շրջանում տեղական ղեկավարի ուժը որոշվում էր ոչ այնքան համայնքի վստահությամբ, որքան վերադասի բարեհաճությամբ։ Անկախությունից հետո փոխվեց համակարգի ձևը, բայց տեղական իշխանության՝ կենտրոնից կախվածության տրամաբանությունը մեծապես պահպանվեց։

Շատ համայնքապետեր հասկացել են պարզ բան՝ կառավարության հետ լավ հարաբերությունը կարող է նշանակել ճանապարհ, մանկապարտեզ, սուբվենցիա և ներդրում, իսկ վատ հարաբերությունը՝ մշտական առճակատում։

Եթե սա է համակարգի իրական տրամաբանությունը, ապա խնդիրը Առուշանյանը չէ։ Խնդիրը պետությունն է։ Առուշանյանն ասում է, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը «հօգուտ ժողովրդի» է աշխատել։ Դա հնարավոր է։ Բայց լավ պետական համակարգում համայնքի զարգացման համար քաղաքապետից չպետք է պահանջվի քաղաքական վերադասավորում։ Գորիսի ճանապարհը պետք է կառուցվի անկախ նրանից՝ նրա համայնքապետը սիրում է վարչապետին, թե քննադատում։

Այստեղ է նաև ՔՊ-ի համար անհարմար հարցը։ Եթե Առուշանյանը 2021-ին այն քաղաքական դեմքն էր, որի դեմ իշխանությունը պայքարում էր և որի նկատմամբ քրեական գործ էր քննվում, ինչո՞ւ այսօր հենց նրան է վստահվում իշխանական դաշինքի ցուցակը։ Եթե նախկին հակադրությունները սկզբունքային էին, ի՞նչն է փոխվել։ Եթե սկզբունքային չէին, ապա ի՞նչ էին։

Քաղաքական ուժերը կարող են փոխել վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, բայց այդ փոփոխությունը պետք է բացատրել հասարակությանը, հատկապես երբ խոսքը ընտրությունների մասին է։

Գորիսի ընտրությունը նաև ավելի լայն նախադեպ է առաջիկա տեղական ընտրությունների համար։ Հայաստանում իշխանությունը չպետք է ձգտի ամեն համայնքում ունենալ իրեն քաղաքականապես մոտ, հարմար, սիրելի, նախընտրելի ղեկավար։ Կենտրոնական իշխանության ուժը չափվում է ոչ թե նրանով, թե քանի քաղաքապետ ունի իր կողքին, այլ նրանով, թե որքան հանգիստ կարող է աշխատել նույնիսկ այն համայնքապետի հետ, որը ընդդիմանում է իրեն:

Հասուն պետության չափանիշը հենց սա է՝ կենտրոնական իշխանությունը պետք է կարողանա արդյունավետ աշխատել նաև այն համայնքապետի հետ, որը քաղաքականապես իրեն չի աջակցում։

Առուշ Առուշանյանի շրջադարձը ինքնին աննախադեպ չէ։ Բայց այն կարևոր հարց է բացում՝ Հայաստանում համայնքապետի քաղաքական կշիռը ձևավորվո՞ւմ է իր համայնքի վստահությամբ, թե՞ իրական ազդեցություն ունենալու համար նա դեռ ստիպված է հենվել կենտրոնական իշխանության հետ հարաբերությունների վրա։

Գորիսում հոկտեմբերի 25-ին ընտրողները որոշելու են ոչ միայն, թե ով է ղեկավարելու քաղաքը, գորիսեցիները որոշելու են նաև՝ տեղական իշխանությունն իր ուժը ստանում է համայնքի քվեի՞ց, թե՞ վերջնականապես ուժեղանում է միայն այն ժամանակ, երբ համաձայնության է գալիս Երևանի հետ։