17/09/2026

EU – Armenia

Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում

3 տարի առաջ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հերթական բողոքի ակցիաներին են պատրաստվում։ Մեկնարկը նախատեսում են սեպտեմբերի 27-ին՝ 44–օրյա աղետաբեր պատերազմի օրը, հավաքն այս անգամ եւս Ազատության հրապարակում ե նախատեսել, ծրագրում են շուրջօրյա հավաքներ, նստացույց, նաեւ վրաններ տեղադրել։

Հրապարակ թերթը գրել է․ Արցախի պետնախարարն է նախաձեռնողը` Նժդեհ Իսկանդարյանը դիմել է քաղաքապետարան, սեպտեմբերի 27-ից մինչեւ 29-ը՝ ժ.15.00 Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար, սակայն քաղաքապետարանն արտոնել է հավաքն անցկացնել սեպտեմբերի 27-ին՝ ժ.14.00-22.00 Ազատության հրապարակում՝ թերեւս խուսափելով շարունակական ակցիաներից։

Սակայն արցախցիները որոշել են չհանձնվել եւ եթե քաղաքապետարանին չկարողացան համոզել երկօրյա հավաքի հարցում, ապա շտապ՝ սպոնտան հավաք կնախաձեռնեն ու կծավալեն պլանավորած գործողություններ: Այս պարագայում իշխանությունները քայլեր ձեռնարկելու լեգիտիմ իրավունք չեն ունենա։

Հավաքի առանցքում ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական եւ ամենակարեւորը՝ Արցախ վերադարձի հարցերն են։ Դիցուք բնակապահովման ծրագիրը չի աշխատում եւ տասնյակ արցախցիներ, հատկապես փոքր ընտանիքներ լրջագույն խնդրի առջեւ են կանգնած, պետական աջակցությամբ հնարավոր չէ ոչ միայն տուն, այլ փոքրիկ կացարան գնել: Նրանք պահանջելու են կամ հոգալ վտարանդի արցախցիների բնակվարձի, բնակապահովման հարցերը՝ բարձրացնելով տրամադրվող աջակցության չափը։ Ինչպես հայտնի է գյուղաբնակ վայրերում տուն ձեռք բերելու համար արցախցիներին 4 միլիոնական դրամ են հատկացնում` յուրաքանչյուր շնչին, իսկ Երեւանում՝ երեք։ Բնակվարձերն էլ այնքան են թանկացել, որ արցախցի մի քանի ընտանիք տեղավորվել են Արցախի ներկայացուցչությունում` այն հայրենիքից, տուն ու տեղից զրկված արցախցիների համար ժամանակավոր կացարան է դարձել։

Ի դեպ, երեկ հարցուպատասխանի ժամանակ, այս խնդրի մասին բարձրաձայնեց նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության արցախցի պատգամավոր Արեգա Հովսեփյանը, սակայն Փաշինյանը ցինիկաբար նետեց, թե նրանց ձեր տուն տանեիք, ոչ թե թույլ տայիք ներկայացուցչություն գնային, եւ նորից հոխորտաց, որ թույլ չի տալու պետության մեջ պետություն լինի եւ Արցախի պետական ինստիտուտները պետք է լուծարվեն։

Արցախցիների մի որոշ խմբի էլ մտահոգում է իրենց հարազատների, որդիների արտաշիրմումի հարցը։ Խոսքը 2023 թվականի ագրեսիայի ժամանակ զոհվածների մասին է, որոնց հարազատները պահանջում են իրեն հանգուցյալների գերեզմաններն արտաշիրմում անել եւ աճյունները Հայաստան տեղափոխել։ Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիային զոհ գնաց 223 արցախցի, որոնց թվում՝ 20 խաղաղ բնակիչ։

Սոցիալական եւ քաղաքական հարցերին գումարվում է նաեւ Հայաստանում արցախցիների միակ հավաքատեղիի՝ Արցախի ներկայացուցչության շենքի ճակատագրի հարցը։

Ինչպես հայտնի է, Արցախի էջը հիմնովին փակելու ցանկություն ունեցող իշխանությունները որոշել են արցախցիներից խլել նաեւ ներկայացուցչության շենքը, հարցի վերաբերյալ դատական գործընթացներ են ընթանում, նոյեմբերի վերջին կհրապարակվի վճիռը եւ կասկած չկա, որ նիկոլական արդարադատություն է լինելու եւ որոշումը հօգուտ արցախցիների չի լինելու։

Հետեւաբար բազում հարցեր կան արցախցիների առջեւ ծառացած եւ ՀՀ իշխանություններն, այս ամենը հասկանալով, փորձում են խոչընդոտել շուրջօրյա հավաքների անցկացումը։